Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/438

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց Մանեն այլևս ոչ սիրտ, ոչ ուժ ուներ խոսելու։ Խիստ հոգնած մարդու նման, նա կամաց նստեց և, թուլացած ձեռքերը ծնկներին դրած, գլուխը կախեց կրծքին։

— Ինչ վերաբերում է ամուսնուդ,— շարունակեց Վահանը նույն հանգստությամբ,— ես թեպետ լավ չեմ ճանաչում նրան և նույնիսկ պատրաստ եմ ընդունելու, որ նա բարոյական մի հրեշ է, բայց և այնպես, իմ կարծիքով, նա ավելի լավ մարդ է, քան թե քո այդ վիպասանը։ Թե ինչու—չեմ կարող ասել:

— Որովհետև մոռացել է հարյուր ֆրանկդ, ահա՛ թե ինչու,— նկատեց Մանեն կծու հանգստությամբ։

— Շատ կարելի է, այդ էլ է պատճառը, որովհետև մարդ մարդու դատում է շատ անգամ մանր հաշիվներից դրդված։ Չեմ վիճում։ Բայց այս դեպքում չեմ կարծում, թե պատճառը միայն այդ լինի։ Իսկ թե ուրիշ ինչ պատճառներ կան, որ ես Բադամյանի մասին լավ կարծիք չունիմ, չեմ կարող ասել, որովհետև չգիտեմ։ Գուցե նրա քիթը դուր չի գալիս ինձ կամ գուցե նրա մազերը որ տեսնում եմ, սիրտս ասում է` մկրատն առնեմ և տակից կտրեմ,— ո՞վ գիտե։ Բայց, կրկնում եմ, ամուսինդ ինչ էլ որ լինի, չի կարող նրանից վատ լինել։ Այս բանն ասում եմ նրա՛ համար, որ իմ կարծիքը հարցրիր, թե չէ` ոչ մի խոսք էլ չէի ասիլ այս մասին, որովհետև իմ ի՞նչ գործն է դատավոր լինելու, թե ով է լավ, ով է վատ։ Այդ դու ինձնից ավելի լավ պիտի իմանաս։ Ես միայն ցավում եմ, որ դու այդքան տանուլ ես տվել քեզ, և... զարմանում եմ։ Որովհետև ո՞վ է մեր ժամանակում այդպես գլուխը կորցնում սիրուց։ Ես մինչև անգամ կասկածում եմ, թե այն, ինչ որ քեզ այդքան գերել է, սեր լինի։ Դա մի պարզ հիվանդություն է անշուշտ, որ առաջացել է այն բանից, որ մենակ ես, մարդ չկա մոտդ, ձանձրանում ես, զբաղմունք չունիս, զավակ էլ չունիս։ Բայց այս ամառ որ գաս գյուղը տանեմ քեզ, այնպես ձեռաց կբժշկվես, որ— էլ ինչ ասեմ։ Կգա՞ս։

— Ոչ։

— Դու գիտես։ Իսկ ես այս երեկո, ինչպես ասացի, գնում եմ։ Ուրեմն...

Վահանը մոտեցավ քրոջը։