— Լսիր, Մանե,— ասաց նա լրջորեն։— Հավատա, ես վատ եղբայր չեմ և, որ ուզենաս, կարող եմ շատ պիտանի լինել քեզ: Արի գնանք գյուղ։
Մանեն վեր թռավ տեղից։
— Ո՛չ, ո՛չ,— կրկնեց նա։
— Լավ, էլ ի՞նչ ես փախչում. զոռով խո չե՞մ տանելու։ Ես քեզ համար եմ ասում, թե չէ... քո կամքն է։ Դե՛հ, մնաս բարյավ։ Ձեռք էլ չես տա՞լ։
Մանեն ձեռքն ակամա պարզեց եղբորը դեմքի այնպիսի արտահայտությամբ, որ կարծես գորտ պիտի դնեին ձեռքի մեջ։
— Սկեսուրդ ո՞ւր է, տանը չէ՞։
— Չէ։
— Ուրեմն այլևս չեմ տեսնիլ նրան։ Բարև կհիշես։ Դե՛հ, դարձյալ մնաս բարյավ։
Մանեն մինչև անգամ չնայեց եղբորը և, երբ Վահանը դուրս գնաց, կամաց նստեց և ատամներով կծեց ներքին շրթունքը հեկեկանքը զսպելու համար։ Երբեք նա այնպես մենակ, այնպես անօգնական ու որբացած չէր զգացել իրեն, ինչպես այժմ։
11
Երեկոյան գնացքի մեկնումից մի կես ժամ առաջ Վահանը կառքով գնում էր երկաթուղու կայարան, իր ջարդված ճամպրուկը ոտների առջևը դրած։ Գնում էր և ինչ-որ ծանր մտածմունքի մեջ էր։ Երբ կառքը կանգ առավ կայարանի առաջ, նա չիջավ, այլ, մի րոպե խիստ տատանվելուց հետո, կառապանին պատվիրեց, որ ետ դառնա, և կառքն ուղղակի քշել տվեց դեպի այն փողոցը, որտեղ գտնվում էր Բադամյանի բնակարանը։
Ծառայից իմանալով, որ Բադամյանը տանն է, նա կառապանին պատվիրեց, որ սպասի և, ճամպրուկը թողնելով կառքի մեջ, ներս մտավ:
Այդ անժամանակ այցն այն աստիճան անակնկալ էր Բադամյանի համար, որ նա մինչև անգամ չպատասխանեց Վահանի բարևին։ Նա կամաց վեր կացավ գրասեղանի մոտից,