Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գտել է։ Բայց այդ լուծումն, այդ պատճառն այնքան անորոշ, այնքան մութ էր նրա համար, որ հազիվ թե նա թույլ էր տալիս դրա վրա դրականապես հիմնվելու...

Իշխանուհու և Հարունյան ամուսինների խոսակցության մեջ մտան և Պետրովն ու Արմենակը։ Այնուհետև պարոն Հարունյանն առանձնացավ մի ուրիշ սենյակ՝ ծխախոտ ծխելու. նա չէր կարողանում տանել Պետրովի ներկայությունը։ Բայց հակառակի պես Պետրովն էլ հետևեց նրան նույն նպատակով։ Արմենակը, տեսնելով, որ ինքը ավելորդ է երկու ընկերուհիների մեջ, նույնպես միացավ առաջիններին։

Նրանց երեքի մեջ խոսք բացվեցավ կնոջ և տղամարդի մասին, որի պարագլուխը եղավ Պետրովը։ Նրանք երկար ժամանակ վիճում էին այդ առարկայի վրա։ Պետրովը սաստիկ տաքացել էր։ Առանց այն էլ նրա կարմիր դեմքը բոլորովին կարմրել էր, փոքրիկ աչքերը պլպլում էին և, կանգնած պարոն Հարունյանի առաջ, բայց մի տեղ հանգիստ չմնալով ու ձեռքերն անդադար շարժելով, նա ճարտար արագախոսությամբ դուրս էր թափում յուր կարծիքներն, հայացքներն յուր բացած առարկայի վերաբերությամբ։ Պարոն Հարունյանը բոլորովին լուրջ ու հանդարտ կերպով ծխախոտ էր ծխում և լսում էր նրան։ Արմենակը նստած էր լուռ և չէր միջամտում։

— Տղամարդն,— ասում էր Պետրովը,— կնոջը պետք է պաշտի, երկրպագի, ինչպես մի սուրբի, որովհետև տղամարդն յուր բոլոր գոյությամբ պարտական է միայն կնոջը, չլինի կինը— տղամարդը ոչինչ է, նա մի օր, մի րոպե անգամ կարող չէ առանց նրան ապրել, ինչպես կարող չէ ապրել առանց օդի...

— Իսկ եթե տղամարդը չլինի,— հարցրեց պարոն Հարունյանը,— կինը կարո՞ղ է ապրել։

— Ճշմարիտ է, կարող չէ ապրել. բայց դարձյալ և դարձյալ տղամարդը պետք է պաշտի նրան, պետք է նրա ստրուկը դառնա, հասկանո՞ւմ եք դուք ինձ, որովհետև կինն է միայն կազմում նրա բոլոր երջանկություններից երջանկագույնը, որովհետև կինն է միայն տալիս նրան այն քաղցրությունը, որի նմանը նա երբեք ուրիշ ո՛չ մի բանից կարող