Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/446

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Բռա՜վո,— բացականչեց նա։— Եթե դուք այսպիսի կրիտիկական մի վայրկյանին կարողացաք զսպել ձեզ, ապա ուրեմն դուք տղամարդ եք։ Կեցցե՛ք։ Դա ավելի մեծ քաջություն է, քան թե ա՛յն, եթե իրագործեիք ձեր սպառնալիքը։ Դա միհևնույն ժամանակ խոհեմություն էր ձեր կողմից, որովհետև լինում են հարվածներ, որոնք երբեմն ավելի զորեղ հակահարվածներ են առաջացնում, մանավանդ որ ես վատ քրիստոնյա եմ և բոլորովին հակառակ դավանանք ունիմ ապտակին վերաբերյալ ավետարանական պատվիրանին։

Բադամյանը խեղդվում էր զսպած կատաղությունից։ Նա մոտեցավ լուսամուտին, հուսալով, թե երեսին թարմ ու զովացուցիչ հով կդիպչի, բայց օդն այնքան ծանր էր ու տաք, որ ոչ մի թեթևություն չզգաց։ Նա զղջում էր, որ վճռական րոպեն բաց թողեց, չապտակեց այդ «կլոունին», և այժմ խիստ նվաստացած էր զգում իրեն իր աչքում։

— Եվ այդպես, պարոն Բադամյան,— ասաց Վահանը,— չէի՞ք բարեհաճիլ արդյոք բացատրել, թե ում էին վերաբերում ձեր դուք-երը, հատկապես ի՞մ անձիս, թե՞ ամենամեծ ոճրագործներին— անհատի բարոյական ազատությունը սպանող խավարամիտներին ընդհանրապես։ Կրկնում եմ, ձեր բացատրությունն ինձ համար կարևոր է, որովհետև եթե ձեր դուք-երը ինձ են վերաբերում, ապա ես կկամենայի ջրել սխալ կարծիքը։

Եվ նա սիգարի ծուխը բերնից բաց թողնելով ու աջ աչքը կիսախուփ, սպասեց Բադամյանի պատասխանին։

Բայց Բադամյանը լուռ էր և ջղային անհանգստությամբ սեղմում էր մատներով լուսամուտի տախտակը։

— Դուք լայեղ չեք անում պատասխանել,— ասաց Վահանը։— Այնուամենայնիվ, ես կասեմ իմ ասելիքը։ Իսկ ասելիքս ահա թե ինչ է, պարոն Բադամյան։ Ձեր մեղադրական ճառից ես այն տպավորությունը ստացա, որ դուք ձեր ֆիլիպիկները պետք է որ ուղղած լինեիք խավարամիտների դեմ ընդհանրապես, դրանց թվում, հարկավ, հաշվելով նաև նվաստիս։ Ազատամիտներդ զարմանալի հատկություն ունիք դիմելու ամենքին և ոչ ոքի։ Ձեր դուքը վերացական մի մարմին է, ձեր սեփական ազատ երևակայության արտադրած յոթնգլխյան մի դև, որն իրականության մեջ գոյություն չունի,