և չունիմ քրոջս վրա, որովհետև տարիներ են անցել, որ նրա երեսը չեմ տեսել, նույնիսկ, խոստովանում եմ հանցանքս, շատ անգամ ամենևին չեմ հետաքրքրվել նրանով, այլ կյանքիս մեծ մասն անց եմ կացրել ծննդավայրիցս հեռու, մենակ, անկախ, ուսման հետևից ընկած, նախ մեր երկրում, հետո Եվրոպայում, ուր, ի դեպ, հիշո՞ւմ եք, եկել էիք դուք և հարյուր ֆրանկ փոխ առաք ինձնից։
Բադամյանը ձեռքը խփեց ճակատին՝ հանկարծ անախորժ մի բան հիշողի նման և արագորեն դարձավ դեպի Վահանը։
— Միթ՞ե դեռ ես չեմ վճարել իմ պարտքը,— հարցրեց նա։
— Հարկ չկա շտապելու. դեռևս վեց տարի է միայն անցել։
Բադամյանը շտապով մոտեցավ գրասեղանին, բաց արեց արկղիկներից մեկը, միջից հանեց մի կույտ թղթադրամներ և դողացող ձեռքերով սկսեց համարել։
— Ինչո՞ւ հենց սկզբից չէիք ասում, թե եկել եք ձեր հարյուր ֆրանկը պահանջելու և ոչ թե..․ Ահա՛, շնորհակալ եմ, վերցրեք և հեռացեք։
նա սեղանի ծայրին դրեց երեսունհինգ ռուբլի, մնացած փողը շպրտեց իր տեղը, արկղիկն ուժգնորեն փակեց և լի արժանապատվությամբ հեռացավ նորից դեպի լուսամուտը։ Այժմ, կարծես, միանգամից թեթևացած զգաց իրեն այն անզոր կատաղությունից, որ մինչև այժմ խեղդում էր նրան։
Վահանը կծու-հեգնական ժպիտով երկար նայեց նրա հետևից, հետո անվրդով մոտեցավ գրասեղանին, սիգարը դրեց բերանը, թղթադրամները վերցրեց և սկսեց համարել։ Համարելուց հետո նայեց Բադամյանին և հարցրեց.
— Դուք այս կուրսո՞վ հաշվեցիք, թե հենց այնպես։ Այսօրվա կուրսով... (նա վերցրեց գրասեղանի վրա դրված այդ օրվա մի լրագիր, նայեց բորսային, հետո առավ մատիտը և սկսեց հաշվել նույն լրագրի լուսանցքի վրա): Այսօրվա կուրսով հարյուր ֆրանկն անում է ճիշտ երեսունհինգ ռուբլի քառասունհինգ կոպեկ։ Չէի՞ք բարեհաճիլ արդյոք պակասը լրացնել։
Բադամյանը երեք մատը մեքենայաբար կոխեց ժիլետի գրպանը, հանեց մեջն եղած բոլոր փողերը— մի քանի հատ