Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէ վայելել։ Եվ տղամարդն, այդ բոլորը գիտենալով, հասկանալով, ի՞նչ իրավունքով, ասացեք խնդրեմ, պետք է հակառակե կնոջը թեկուզ հենց ամենաչնչին բանի մեջ․ ինչո՞ւ նա նրա ամեն մի խնդիրքն, ամեն մի հրամանը չպիտի կատարե և կատարե ինչպե՜ս,— կուրորեն։ Մինչև անգամ ես այս համոզմունքին եմ, որ եթե կինը տղամարդի կյանքն էլ, հասկանո՞ւմ եք, կյանքն էլ պահանջելիս լինի,— տղամարդն իրավունք չունի մերժելու, պետք է անպատճառ այդ տա նրան, իբրև նրանից ստացած մի պարգև, մի առանձնաշնորհություն։ Ամբողջ քաղաքակրթյալ աշխարհն այդպես է մտածում և այդպես է անում... միայն տգիտության խավարի մեջ խարխափող ազգերն են, որոնք բոլորովին չեն հասկանում կնոջ մեծ արժանավորությունն և, փոխանակ նրան աստվածացնելու, նրան պաշտելու, նրանք ամենաստոր անասունի տեղ են ծառայեցնում նրան...

— Ա՞յդ է բոլորը, ինչ որ դուք ունեիք ասելու կնոջ և տղամարդու մասին,— հարցրեց վերջապես պարոն Հարունյանը։

— Այո։ Եվ դա իմ համոզմունքս է, որին ես երբեք չեմ փոխիլ։

— Ուրեմն ավելորդ է խոսել։

— Ոչ, կարող եք դուք էլ ձեր կարծիքը հայտնել... բայց ի սեր աստծո, դուք մի՛ կարծեք, թե դրանով ես ուզում եմ ասել, թե իմ խոսքերս ստուգության են կարոտ, այլ ես ուզում եմ իմանալ միայն ձեր կարծիքն այս առարկայի վերաբերությամբ։

— Ուրեմն, պարո՛ն,— ասաց պարոն Հարունյանը,— եթե դուք իսկապես այնպես եք մտածում ու հասկանում, ինչպես որ դատում եք, ապա մնում է ինձ ասել, որ դուք սաստիկ և սաստիկ սխալվում եք այդ առարկայի վերաբերմամբ։ Զեր կարծիքն այնքան անհեթեթ է կնոջ և տղամարդի մասին, որ ամենաեսասեր կինն անգամ չի համաձայնիլ ձեզ հետ։ Թույլ տանք, որ դուք չունիք տղամարդու եսասիրություն, որ թեպետև ոչինչ նշանակություն չունի առողջ դատողության մեջ, բայց, այնուամենայնիվ, օգնում է չափազանցությունների մեջ չմտնել և բոլորովին չստորացնել յուր սեփական «եսը»․— թույլ տանք, ասում եմ, որ դուք