Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/450

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սպիտակ ու սև դրամներ— և շպրտեց Վահանի կողմը։ Դրամներն ընկան և գլորվելով ցրվեցին հատակի վրա։

Այս բանը կատարվեց այնքան արագ ու անակնկալ, որ Վահանը սկզբում չհասկացավ, թե ինչ պատահեց. հետո զգաց, որ բոլոր սառնասրտությունը կորցնում է և ձեռքերի մկանունքները լարվում են սարսափելի ուժգնությամբ։ Նա վայր դրեց թղթադրամները, սիգարը զգուշորեն դրեց սեղանի ծայրին և դիմեց դեպի Բադամյանն այնպիսի ծանր ու հաստատուն քայլերով, որ կարծես բրոնզից ձուլված արձան էր քայլում։ Նույն վայրկյանին բնազդական վախով շուռ եկավ դեպի նա Բադամյանը և ակամա պաշտպանողական դիրք բռնեց, պինդ կպչելով լուսամուտի տախտակին։

Բայց Վահանը հանկարծ կանգ առավ, նայեց նրա սարսափահար աչքերին և ժպտաց։

— Խոսք չկա, գեղարվեստական շատ սիրուն ձևերով եք արտահայտում ձեր արհամարհանքը,— ասաց նա։— Դրամները չհանձնել ուղղակի պարտատիրոջ ձեռքը, այլ... Ես ձեզ բարեկամաբար խորհուրդ եմ տալիս, որ այդպիսի ձևեր երբեք չգործադրեք ձեր վեպերի մեջ, որովհետև դրանք նույնքան հակագեղարվեստական կլինեն գեղեցիկ գրականության մեջ, որքան վտանգավոր են կյանքի մեջ։ Հավատացած եմ, որ այս րոպեին դուք լիովին զգում եք այդ, ուստի վերջացնենք այս տխուր միջադեպն այսպես...

Նա մոտեցավ նախասենյակի դռանը, բաց արեց և սկսեց կանչել.

— Կիրակո՛ս, Մարտիրո՛ս, Սերո՛բ, Քերո՛բ։

Ներս վազեց ծառան ինչ-որ ծամելով և մտնելիս կուլ տվեց շտապով։

— Անունդ ի՞նչ է,— հարցրեց Վահանը։

— Խաչի։

— Խաչի, այս րոպեիս ջեբիցս մանր փող թափվեց. էգուց տունը որ սրբելու լինիս, հավաքիր, քեզ լինի։

— Հըմի կըհըվաքեմ,— ասաց ծառան, աչքն ուրախությամբ ման ածելով հատակի վրա։

— Չէ, էգուց, հիմա գնա։

Ծառան կամաց դուրս գնաց, աչքը չհեռացնելով հատակից: