Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/451

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վահանը մոտեցավ գրասեղանին, ծոցից հանեց իր ահագին թղթապանակը, երեսունհինգ ռուբլին մեջը դրեց, թղթապանակը նորից ծոցը կոխեց և վերցրեց սիգարը։

— Ես ձեզ չեմ մեղադրում,— ասաց նա։— Պարտքի, մանավանդ հնացած պարտքի հատուցումը միշտ անախորժ է լինում։ Բայց կարող էիք և չվճարել. ես ձեզ չստիպեցի: Դուք կամեցաք ինձ վիրավորել և քիչ մնաց, որ հասնեիք ձեր նպատակին, թեև այդ բանը երեսունհինգ ռուբլուց շատ ավելի թանկ կնստեր ձեզ… Բայց ես ավելի լավ եմ համարում վիրավորելու տեղ շնորհակալ լինել ձեզնից, որ, վերջապես, վճարեցիք ինձ հասանելի գումարը, որից վաղուց արդեն ձեռք էի վերցրել։ Այս էլ պետք է խոստովանեմ, որ չնայելով քիչ մնաց ինքս ինձ կորցնեի, դուք ինձ վրա շատ լավ տպավորություն թողիք. դուք լիովին ապացուցեցիք, թեև մի քիչ ոչ սիրուն ձևով, որ պատվասեր մարդ եք, իսկ պատվասեր մարդկանց չի կարելի չհարգել։ Ես ձեզ հարգում եմ։

Բադամյանը լսում էր նրան կատարելապես ապշած և չէր հասկանում, թե ինչ է ասում նա այդքան երկար և այդքան հանգիստ ու անվրդով ձայնով։ Նա միայն տեսնում էր իր առջև սարի պես կանգնած հսկայական մի մարմին, մի ժպտուն չաղ դեմք և հաստ մատների մեջ մի հաստ սիգար, որի ծուխը կամաց վերև էր բարձրանում և սենյակի օդն ապականում անտանելի ծանր հոտով։ Նրան թվաց, թե այդ անտանելի հոտն է պատճառը, որ ինքն այդպես խեղդվում է։

— Պարոն, մի՞թե դուք մտադիր չեք այս գիշեր ինձ հանգիստ թողնելու,— հարցրեց նա զարմացած։

— Շատ ցավում եմ, պարոն Բադամյան, որ իմ հեռանալուց հետո էլ չպիտի կարողանաք հանգստանալ։ Դուք հենց սկզբից սխալ տոն բռնեցիք. սկսեցիք բարձր նոտերից և հենց սկզբումն էլ ձեր ձայնը խզվեց. իսկ այժմ, երբ դուետը դեռ չենք վերջացրել, դուք արդեն հոգնել եք։ Նշանակում է` ծանոթ չեք վիճաբանության ձայնագրությանը։

Բադամյանն այլևս ոչ մի խոսք չարտասանեց և վճռական քայլերով դիմեց դեպի հարևան սենյակի դուռը։

— Ո՞ւր եք գնում,— հարցրեց Վահանը և իր հսկայական մարմնով փակեց նրա ճանապարհը։

Բադամյանը կանգ առավ և նայեց նրա փորին այնպիսի