Մանեն նախ նայեց շուրջը հետո նրան և հարցրեց.
— Գնա՞ց։
— Գնաց,— արձագանքեց Բադամյանը և մտածեց. «Իհարկե, սա երազ է…»։
Մանեն երկու ձեռքով ուղղեց մազերը, նստեց և նորից նայեց Բադամյանին։ Նրա բոլոր շարժումների և հայացքի մեջ տարօրինակ հանգստություն էր նկատվում։
— Այսօր ես նրան ասացի նույնը, ինչ որ այժմ դուք ասացիք,— խոսեց նա վերին աստիճանի խաղաղ ձայնով։— Ես նրան ասացի, որ նրա համար հարյուր ֆրանկն ավելի մեծ արժեք ունի, քան թե... Նա անտանելի մարդ է, անտանելի մանավանդ այն ժամանակ, երբ ինքդ կատաղում ես, իսկ նա հանգիստ ժպտում է, ծխում իր զզվելի սիգարը և ոչ մի խոսքով չի ընդհատում քեզ. իսկ երբ որ վերջացնում ես, այնպիսի բան է ասում, որ կարծում ես, թե օձ խայթեց։ Երբ նա պաշտպանում էր ինձ ձեր առաջ, քիչ էր մնում դուրս գայի և ասեի, որ ես ևս չեմ ընդունում իր միջամտությունը։
«Սա երազ է... անպատճառ երազ է,— մտքում կրկնում էր Բադամյանը, կարծես լուսամուտի տախտակից գամված։— Այսօրվա դեպքից հետո սա ինձ մո՞տ... Անկարելի բան է...»
— Կառքը որ տեսա, մտա բակի դռնից,— շարունակեց Մանեն։— Ծառան ասաց, որ մարդ կա ձեզ մոտ և բերեց ինձ այն սենյակը։ Ձայնից իմացա, որ նա է։ Ուզում էի հեռանալ, բայց... ջգրու մնացի և, եթե մի քիչ էլ շարունակեր, դուրս կգայի անպատճառ։
«Անկարելի բան է, անկարելի բան է...»,— մեքենայաբար կրկնում էր Բադամյանը մտքի մեջ, աչքը չկարողանալով հեռացնել նրա անվրդով դեմքից։
— Ինչո՞ւ եք ինձ այդպես նայում,— հարցրեց Մանեն կամաց:
— Որովհետև... չեմ հավատում, թե այդ դուք եք։
Մանեն աչքերը վայր թողեց և նկատելի կերպով կարմրեց։
— Իրավունք ունիք։ Ես էլ չեմ հավատում, թե այս ես եմ,— ասաց նա ավելի ևս կամաց և, կարճ լռությունից հետո