ավելացրեց.— Այսօր ես վիրավորեցի ձեզ... Եկել եմ ներողություն խնդրելու։
Բադամյանը հանկարծ պոկ եկավ լուսամուտի տախտակից, կարծես մի բան ուժեղ թափով առաջ նետեց նրան, բայց նա առաջ գնալու տեղ դարձավ և լուսամուտից նայեց վերև, մութ երկնքին։
— Ես հասկանում եմ ձեզ,— ասաց Նա։— Ուզում եք հասկացնել, որ ե՛ս ներողություն խնդրեմ ձեզնից։
Մանեն նայեց նրան զարմացած։
— Ի՞նչ բանի համար։
— Այն նամակի...
— Բայց չէ՞ որ դուք չեք այն նամակի հորինողը։
Բադամյանը դարձավ դեպի Մանեն և նայեց նրան մռայլ հայացքով։
— Մի՞թե դեռևս կարծում եք, թե ես եմ,— հարցրեց նա խուլ ձայնով։
Մանեն վեր թռավ տեղից. շալն ընկավ նրա ոտների տակ։
— Ո՛չ, աստված վկա, ո՛չ, Բադամյան,— կանչեց նա եռանդով։— Ճիշտ է, այսօր ես ձեզ ասացի այդ բանը, բայց այն րոպեին հաշիվ չէի տալիս ինձ, թե ինչ եմ ասում, թե որքան խոր վիրավորանք եմ հասցնում ձեզ այդպիսի մի մեղադրանքով։ Ես չափազանց զգայուն եմ, շատ շուտ եմ բորբոքվում, երբ տեսնում եմ, որ շոշափել են զգացումներս, թեև շուտով էլ զգաստանում եմ, երբ տեսնում եմ, որ ես էլ չափն անցել եմ։ Այն րոպեին, երբ վիրավորեցի ձեզ, գրեթե նույն րոպեին էլ զգացի, որ անարդար կերպով եմ վարվել ձեզ հետ։ Եվ իմ ասած խոսքերի բոլոր ծանրությունն ավելի ու ավելի զգացի այն ժամանակ, երբ դուք արդեն գնացել էիք։ Չեք կարող երևակայել, թե ամբողջ օրն ի՛նչպես տանջվել եմ այդ գիտակցությունից։ Վերջն այլևս չկարողացա դիմանալ և... ինչպես տեսնում եք, եկել եմ ներողություն խնդրելու։
— Այդ մի՛ ասեք, Մանե, մի՛ ասեք այդ,— բացականչեց Բադամյանը։— Ես էլ, աստված միայն գիտե, թե ինչպես եմ անցկացրել ամբողջ օրը, բայց մի րոպե անգամ չեմ կասկածել, թե ես արժանի չեմ եղել ձեր խստությանը, իսկ այժմ առավել ես զգում եմ, որ հանցավոր եմ ձեր առաջ։ Նամակը գրված է այն ձևով, որ խամ մարդը դժվար թե չհավատա։