Բայց բանն այն է, որ ես ճանաչում եմ ձեր ամուսնուն և գիտեմ, որ նա այդպիսի բաներ անողը չէ և չի կարող անել։ Այդ բանին ես հաստատ համոզված էի և այն էլ գիտեի փորձով, որ խմբագրությանն ուղղված նամակները մեծ մասամբ գրված են լինում անձնական հաշիվներից, հետևաբար սուտ ու շինծու են լինում։ Բայց և այնպես այդ բոլորը գիտենալով հանդերձ, ես թույլ տվի ինձ ձեր ամուսնուն ձեր առաջ անվանելու անբարոյական և հրեշ, և իբրև ապացույց ցույց տվի ձեզ մի նամակ, որի ստությանն առաջուց համոզված էի, կնշանակի` ես ուզում էի ձեզ խաբել։ Սա այնպիսի մի գարշելի վարմունք էր իմ կողմից, որ եթե դուք ներեք, ես ինքս ներել չեմ կարող երբեք։
Բադամյանն ինքն իր դեմ զգացած զայրագին նողկանքով դեմքը շրջեց Մանեից, կարծես ամոթահար, և ավելացրեց.
— Ես վա՛տ, անազնի՛վ, ցա՛ծ մարդ եմ...
Մանեն արագորեն մոտեցավ նրան։
— Իզուր եք ձեզ այդքան նվաստացնում,— շշնջաց նա զգացված։— Դուք վատ չեք, ո՛չ, չե՛ք։ Եթե լինեիք, ես այդ վաղուց կզգայի։ Լսո՞ւմ եք... լսո՞ւմ ես, Աշոտ, կզգայի, որովհետև անկարելի է, որ վատությունր չզգամ։
— Ինչպես զգացիք այսօր...
— Այսօր ուրիշ բան էր։ Այսօր ես չափազանց վրդովված էի, որովհետև նամակն այնքա՛ն անխիղճ զրպարտություն էր բովանդակում, որ անկարող էի չվրդովվել։ Քո կարծեցյալ վատությունը չէ պատճառը, որ ցույց տվիր ինձ այն նամակը, այլ ե՛ս եմ, ե՛ս, որ այնքան սիրում և միևնույն ժամանակ այսքան տանջում եմ քեզ իմ դժբախտ բնավորության պատճառով։ Քո վարմունքն ես համարում եմ խելացնոր մի քայլ, որ դու արիր անշուշտ հուսահատությունից։ Այսօր ես շատ եմ մտածել և այն եզրակացությանն եկա, որ դու այն նամակը դարձյալ ցույց չէիր տալ ինձ, եթե պատասխանս այնքան վճռական չլիներ։ Այդպե՞ս է, թե ոչ։ Ասա։ Նայիր ինձ։
Բաղամյանր նայեց նրա աչքերին— թախծալի աչքերին, որոնք, սակայն, այդ րոպեին շոյում, փայփայում էին նրան այնպիսի մի քնքշանքով, որպիսին Բադամյանն առաջին անգամն էր տեսնում Մանեի աչքերի մեջ։ Նա ակամա ծունկ