Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/457

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խոնարհեց այնքա՛ն տարօրինակ և այնքա՛ն սիրելի այդ կնոջ առաջ, առավ նրա ձեռքը և շրթունքները հպեց այդ նիհար քնքուշ ձեռքի վրա անհուն երանությամբ, սրբազան երկյուղածությամբ, այնպես` ինչպես հավատացյալ մարդը համբուրում է հրաշագործ մի սուրբ պատկեր:

Մանեն նստեց, թեթևակի խոնարհվեց նրա գլխի վրա և ազատ ձեռքով, կարծես ինքնամոռացության մեջ, սկսեց շոշափել ու շոյել նրա փափուկ երկայն մազերը։

Այդ լուռ տեսարանը տևեց մի երկու րոպե:

Վերջապես Բադամյանը բարձրացրեց գլուխը և նայեց վերևից իրեն նայող քնքշանքով լի թախծալի աչքերին։

— Մինչև այժմ ես քեզ չէի ճանաչում,— ասաց նա աղոթողի պես շշնջալով,— իսկ այժմ ինձ թվում է, թե ճանաչեցի միանգամից։ Եղբայրդ ասում էր, թե դու քրիստոնյա ես։ Ո՛չ, դու ավելի ես, քան քրիստոնյա. դու սուրբ ես, դու հրաշագործ ես, դու իմ կուռքն ես։ Ես անհավատ մարդ եմ, բայց ոչ մի հավատացյալ մարդ չի կարող զգալ այն, ինչ որ ես եմ զգում այս րոպեին, այսպես, առաջդ չոքած, աչքերիդ նայելիս, այս խորհրդավոր ժամին, այստեղ, մենակ, իմ տան մեջ, այսօրվա խոսակցությունից հետո... Ես ոչ թե սիրում, այլ պաշտում եմ քեզ... պաշտո՜ւմ... պաշտում... Տուր ինձ, տուր ինձ ուրիշ ավելի զորեղ մի բառ, որի մեջ դնեմ հոգիս և վերջին շնչիս հետ փչեմ ոտներիդ առաջ...

Բադամյանը գրկեց Մանեի ոտները և սկսեց համբուրել նրա ծնկները ջերմորեն և կրքոտությամբ...

Մանեն հանկարծ նայեց լուսամուտին և փորձեց հեռացնել նրա ձեռքերը:

— Բավական է... վեր կաց,— շշնջաց նա։

Բադամյանն ավելի պինդ կպավ նրա ծնկներին։

— Ոչ, թող մնամ այսպես... Թող պաշտեմ քեզ... Ես ուզում եմ մեռնել ոտներիդ առաջ... այսպե՜ս... այսպե՜ս...

— Աղաչում եմ, վեր կաց։ Լուսամուտը բաց է, մեզ նայող կարող է լինել։

— Թեկուզ ամբողջ աշխարհը նայի։ Դու ի՛մն ես, ի՛մն ես, ի՛մն ես... Ես կճղեմ կուրծքս, կնստեցնեմ քեզ հոգուս մեջ և հոգուս հետ էլ կարձակեմ...