Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/458

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մանեին թվաց, թե երկու օձ երկաթի օղակներով փաթաթվում են իր կռների տակ ու սարսափելի ուժով ներքև են քաշում իրեն։ Միևնույն ժամանակ իր առաջ տեսավ տարօրինակորեն փայլող երկու աչքեր և դեմքի վրա զգաց մի տաք շնչառություն ծանր ու հատու։ Այդ բոլորը համ անհունորեն քաղցր, համ սարսափելի էր նրա համար...

Հանկարծ նա բռնեց Բադամյանի ցնցողաբար սեղմող ձեռքերից, տարորինակ բուռն ուժով դեն հրեց նրան, վեր թռավ տեղից և արագորեն դիմեց դեպի այն դուռը, որտեղից մտավ։

Բադամյանը մի ոստյունով ցատկեր չոքած տեղից և վազեց դեպի նա:


— Մանե՛...

— Չհամարձակվե՛ք մոտենալ ինձ,— հրամայեց Մանեն, արագորեն դառնալով։

Բադամյանը կանգ առավ և կատարյալ հուսահատությամբ նայեց նրա հրացայտ աչքերին։

— Մանե... Ի սեր աստծո... Խնդրում եմ, աղաչում եմ, մի գնա։ Ես կզսպեմ ինձ, ես կքաշվեմ ահա այն անկյունը, կուչ կգամ ծեծված շան պես և ամենևին չեմ մոտենալ քեզ, միայն մի՛ գնա, կա՛ց...

Պաղատագին հայացքով նա փորձեց առնել Մանեի ձեռքը, բայց Մանեն թույլ չտվեց, շալը թռցրեց հատակից, ծածկեց գլխին և նորից դիմեց դեպի դուռը։

Բադամյանին թվաց, թե խելքը կորցնում է։ Ինքն էլ չհասկացավ թե ինչպես` կտրեց Մանեի առջևը և ամբողջ մարմնով կապեց դուռը։

Մանեն նայեց նրա խելակորույս աչքերին և ակամա ետ ընկավ սարսափահար։

— Ի՞նչ եք ուզում ինձնից,— շշնջաց նա։

— Ուզում եմ, որ մնաս,— ասաց Բադամյանը ծանր շնչելով և մեջքի բոլոր ուժով սեղմվեց դռանը:

— Զոռո՞վ եք ուզում պահել։

— Այո՛,— շեշտեց Բադամյանը, պղտորված աչքերը փայլեցնելով նրա վրա և շրթունքները կծոտելով։

Մանեն նայում էր նրան համ սարսափած, համ ապշած։ Նրան թվում էր, թե իր ճանաչած այնքան սիրելի, այնքան