Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/459

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խոնարհ, այնքան քաղաքավարի Բադամյանի տեղ իր առջև տեսնում է այժմ բոլորովին անծանոթ, կատարյալ վայրենի մի մարդ, որի լոկ տեսքը զարհուրանք էր ազդում նրան։

— Բաղամյան, հասկանո՞ւմ եք ինչ եք անում,— նորից շշնջաց նա։

— Լիովին։ Ես ուզում եմ որ դու մնաս։ Եվ պետք է մնաս...

— Բռնությո՞ւն եք ուզում գործ դնել։

— Գործ կդնեմ, եթե չմնաս... անպատճառ գործ կդնեմ, եթե չմնաս քո կամքով... Եվ մեղավորը ես չեմ լինիլ, դու կլինես, որովհետև... Ինչո՞ւ ես եկել ինձ մոտ... ներողություն խնդրելու համար ուրիշ ճանապարհ կար. կարող էիր նամակ գրել, եթե ինձ հասցրած վիրավորանքի համար հանցավոր էիր զգում քեզ... Բայց չպետք է գայիր ինձ մոտ... Եկել ես, պե՛տք է մնաս...

— Բադամյա՛ն, ուշքի եկեք,— այս անգամ գրեթե ճչաց Մանեն։

— Անհոգ կաց, ուշքս դեռևս գլխիս է, բայց շուտով կկորցնեմ, եթե չմնաս քո կամքով... Կարծում ես, ես չե՞մ հասկանում ինչ եմ անում։ Շատ լավ հասկանում եմ, բայց ուրիշ հնար չունիմ, որովհետև... Կրկնում եմ, ինչո՞ւ ես եկել ինձ մոտ... այն էլ այս ժամին... Ի՞նչ գործ ունիս դու այստեղ... իմ տանը... մենակ... գիշերով... այս էլեկտրականացած օդի մեջ, որից, ահա, շնչասպառ եմ լինում ես... Ինչո՞ւ թույլ տվիր, որ գրկեմ քեզ` համբուրեմ ծնկներդ... Առաջ երբե՛ք թույլ չես տվել... Այս առաջին անգամն էր... Իսկ ես ամբողջ երեք տարի է, որ ցանկանում եմ քեզ, միմիայն քեզ, աշխարհիս բոլոր կանանց մեջ քեզ... Ես մարդ եմ, քար չեմ... Դու բորբոքեցիր ինձ, վառեցիր իմ ամբողջ արյունը և փախչում ես... Չեմ թողնիլ... Տեսնո՞ւմ ես, գերբնական ուժ եմ գործ գնում, որ զսպեմ ինձ, չգազանանամ, որովհետև դու այստեղ ես և անմատչելի... Ես սիրում եմ քեզ, բայց ատում եմ քո առաքինությունը, որ ինձ այսքան չարչարելուց հետո, այժմ իսկ, այս վճռական ժամին ուզում է արգելք լինել իմ երջանկությանը... Ես կխլեմ քեզնից այդ առաքինությունը, կթավալեմ ցեխի մեջ, եթե կամովին չհրաժարվես նրանից... Ես կանեմ ամեն բան, կանգ չեմ առնիլ ո՛չ մի բանի առաջ,