չունեք այդ եսասիրությունը, բայց մի՞թե այդ ձեզ իրավունք է տալիս, առանց մի որևիցե հիմնական փաստի, առանց մտնելու բուն խնդրի մեջ, ստորացնել այդպես տղամարդի կոչումը կնոջ առաջ, դնել մի այդպիսի սահմանափակ շրջանակի մեջ նրա դերը կնոջ առաջ։ Դուք հիմնվում եք այն փաստի վրա, որ ինքնըստինքյան անհեթեթ է,— թե կինն է միայն կազմում տղամարդի ամենամեծ երջանկությունն և տալիս է նրան այն քաղցրությունը, որ ուրիշ ո՜չ մի բանից նա կարող չէ ստանալ։ Առաջինը դեռ հարց է՝ թե իսկապես միայն կինն է կազմում տղամարդի ամենամեծ երջանկությունն ու տալիս նրան այն քաղցրությունը, որ ուրիշ ոչ մի բանից նա կարող չէ ստանալ— և այդ միևնույն բանը հակառակ չէ՞ պատահում արդյոք՝ այսինքն, որ տղամարդը լինի կազմելիս կնոջ ամենամեծ երջանկությունն ու տալիս լինի նրան միևնույն քաղցրությունն, ինչ որ ինքը նրան, և երկրորդը՝ ձեր ասածներից եզրափակելով, որ տղամարդն ամենաստոր աստիճանի վրա է կանգնած կնոջ առաջ— ես ձեզ համարձակ կարող եմ հավատացնել, որ իբրև միևնույն զգացումներով ու կրքերով և այլն— կինն ու տղամարդը հավասար են միմյանց, ինչպես ահա, այս ձեռքիս հինգ մատները հավասար են մյուս ձեռքիս հինգ մատներին, և ավելի ակնհայտնի ապացույց այն՝ որ առանց կնոջ տղամարդը գոյություն կարող չէ ունենալ և առանց տղամարդի— կինը։ Համաձա՞յն եք դուք ինձ հետ։
— Բայց ինչո՞ւ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը միշտ և ամեն ժամանակ կնոջը գերապատվում է տղամարդից, երկրպագում է նրան։
— Այդ բոլորովին ուրիշ խնդիր է, որի պատճառն էլ մենք ուրիշ բանի մեջ կգտնենք։ Բայց, ինչպես երևում է, դուք ձեր համոզմունքը կազմելիս դրա վրա եք հիմնվել իսկապես։ Թեպետև իրավունք եք ունեցել այդպես մտածելու, բայց ափսոս, որ դուք հավատացել եք միայն ձեր աչքերին ու ականջներին և չեք կամեցել բուն խնդրի մեջ մտնել՝ իմանալու համար դրա էական պատճառը, որին շատերը ձեզ պես կամ չեն հավատում, կամ չեն ուզում հավատալ։ Իսկ այդ պատճառն ուղեղի և կամքի այն սխալ զարգացողությունը կամ այն կեղծ լուսավորությունն է, որ