նույնիսկ սոսկալի մի ոճրագործ կդառնամ, եթե չմնաս... Այժմ կամ այլևս երբե՛ք... Լսո՞ւմ ես, այժմ կամ այլևս երբե՛ք... Դու ի՛մը պիտի լինիս, իմը ա՛յժմ իսկ, ա՛յս րոպեին, ի՛մը անպատճառ և ինչ գնով ուզում է լինի, նույնիսկ իմ մահու գնով, նույնիսկ քո մահու գնով... Իմացիր, որ եթե նույնիսկ մեռնես իմ ձեռքերի մեջ, ես կտիրապետեմ քո դիակին։
Մանեն, սարսափից իրեն կորցրած, նայեց շուրջը։ Նրա աչքովն ընկավ նախասենյակի դուռը, և նա վազեց այն կողմը։ Բայց Բադամյանն այստեղ էլ փակեց նրա ճանապարհը: Նա կատարելապես նման էր խելագարի. աչքերը լցվել էին արյունով և նայում էին անախորժ պղտոր փայլով, երկայն մազերը թափվել էին ճակատի և ականջների վրա ցան ու ցիր, դեմքը կարմրել և ծածկվել էր ճարպոտ քրտինքով։ Նա գրեթե շնչասպառ էր լինում ծանր շնչելուց և դուռն ի վեր ցից կանգնած՝ ամբողջ մարմնով դողում էր ուժգին տենդով բռնված մարդու պես։
— Չեմ թողնիլ, որ գնաս,— ասում էր հևալով։— Քեզ էլ, ինձ էլ կմորթեմ, և չե՛մ թողնիլ, որ գնաս... Վճռվա՛ծ բան է. ես պիտի կործանեմ քեզ քո առաքինության համար և քեզ հետ միասին պիտի կործանեմ ինձ..
Մանեն երկու ձեռքի ափերը սեղմեց քունքերին, դեմքն առաջ տարավ դեպի Բադամյանը և, չռած աչքերով նայելով նրան, շշնջաց այս անգամ ոչ այնքան սարսափած, որքան ծայրահեղորեն ապշած։
— Բադամյա՛ն, մի՜թե այդ դուք եք... դո՜ւք...
Բադամյանը ցնցվեց և ապա անշարժացավ։ Երկար ժամանակ նա անմիտ հայացքով նայում էր Մանեի չռած աչքերին ծանր մղձավանջից արթնացողի պես, հետո դանդաղորեն ետ քաշեց երեսին ցրված մազերը, և երկարատև ծանր մի հառաչանք նկատելի կերպով բարձրացրեց ու ցածրացրեց նրա կուրծքը։ Նրա վերին աստիճանի լարված ջղերն արագորեն թուլացան, և գլուխը կախ ընկավ կրծքին։ Առժամանակ նա կարծես ուժ չուներ այլևս ոչ խոսելու և ոչ տեղից շարժվելու. հետո կամաց ետ քաշվեց, բաց արեց դուռը և, առանց գլուխը բարձրացնելու, շշնջաց ընկճված, ուժասպառ ձայնով.