— Գնացեք...
Մանեն բնազդաբար առաջ ընկավ և դուրս վազեց նախասենյակ։ Սանդուղքից իջնելիս քիչ մնաց գլորվեր ներքև: Փողոցում տան բակից դուրս թռավ մի փոքրիկ շուն անախորժ ծկլթոցով և բռնեց նրա փեշից։ Բայց Մանեն գրեթե չզղջաց այդ բանը և շանը երկար տեղ քարշ էր տալիս իր հետևից։ Շունը նրա փեշը բաց թողեց այն ժամանակ, երբ Մանեն մեքենայաբար կանգ առավ, բռնեց փեշից և ձիգ տվեց. շունը գլորվեց և ետ փախավ ավելի անախորժ ծկլթոցներով։ Իսկ Մանեն շարունակեց վազել։
Գիշերը սաստիկ մութն էր, փողոցներն ամայի։ Երկինքը ծածկված էր սև ամպերով և մերթ ընդ մերթ փայլատակում էր։ Ծանր, տաք, անշարժ օդը հագեցած էր էլեկտրականությամբ։ Հեռվից ամպերի խուլ գոռոց էր լսվում։
Մանեն վազում էր առանց ետ նայելու։ Նրան թվում էր մերթ, թե փողոցները սաստիկ երկար են, թե տունը շատ հեռու է, թե ահա որտեղ որ է` պիտի ընկնի ճանապարհին վախից և հոգնությունից անշնչացած, և մերթ` թե երազումն է կատարվում գիշերային այդ ճանապարհորդությունը լապտերներով հազիվ լուսավորված ամայի փողոցներով, երկնքի վայրկենական փայլատակումների և սև ամպերի զարհուրելի որոտի տակ։
Հանկարծ նրան թվաց, թե մեկը վազում է հետևից և կանչում է`
— Մանե՛, Մանե՛…
Նա սոսկումով կանգ առավ և ետ նայեց։ Արագ քայլերով հասավ նրան Բադամյանը։
— Մի վախենաք, ես եմ,— ասաց նա սաստիկ հևալով։
Մանեն ձայն անգամ չհանեց և նույն արագ քայլերով առաջ անցավ։
Բադամյանը հետևեց նրան։ Նա լարել էր ոտների բոլոր ուժը, որ ետ չմնա Մանեից, բայց և այնպես Մանեն մի քանի քայլ միշտ առաջ էր վազում նրանից։
— Ինչո՞ւ եք վազում,— ասաց Բադամյանր։— Եթե այնտեղ ոչինչ չարեցի, կնշանակի այլևս ոչինչ չեմ անիլ։ Ես ուզում եմ միայն անվտանգ տուն հասցնել ձեզ։
Մանեն դանդաղեցրեց քայլերը։ Բադամյանը հավասարվեց