Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/463

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդ ես էի... նոր հասկացա, որ ես էի.— և այս րոպեին ի՜նչ չէի տալ, միայն թե այդ ես չլինեի...

Բադամյանը լռեց և, խիստ հուզմունքի մեջ, ձեռքի ափով շփեց տաքացած ճակատը։

Մանեն քայլում էր նրա հետ կողք-կողքի, բայց նրանից մի քիչ հեռու պահելով իրեն։ Նա վայրկյան առ վայրկյան փակում էր աչքերը փայլատակումների ժամանակ և ուշի ուշով ականջ դնում Բադամյանի խոսքերին, որոնցից շատերը, սակայն, խլանում էին որոտի ձայների մեջ։

— Ա՜խ, այսօրվա օ՜րը, այս չարաբաստիկ օրը,— հառաչեց Բադամյանը հոգեկան ծանր տանջանքով։— Եթե՜ կարողանայի մոռանալ և մոռացնել տալ... Որ մտածում եմ, թե ինչքա՜ն բան և ի՜նչ կորցրի, այս մի օրում նախ առավոտյան՝ ձեր տանը, հետո այժմ՝ իմ տանը... Այս ի՞նչ չար ոգի էր, որ եկավ փորձեց ինձ այսօր և խլելով ինձնից այն բոլորը, ինչ որ լավ էր և մաքուր, թողեց իմ մեջ միայն տիղմ և ապականություն... Ես ատում եմ ձեր եղբորը, բայց... չեմ կարող չհարգել նրան։ Նա խելոք մարդ է. այնպե՜ս թափանցում է մարդու ներքինը... և շիտակ է, ամեն բան ասում է մարդու ճակատին։ Նա շատ բան ասաց ինձ, բայց և շատ բան չասաց անշուշտ... Երևի խնայում էր։ Ես այժմ կհամբուրեի նրա ձեռքն ու շրթունքները, եթե այս րոպեին մոտս լիներ, պինդ ապտակեր ինձ, այնպես պինդ, որ աչքերիցս կայծեր ցայտեին, և ասեր, որ ես... պի՛ղծ մարդ եմ, շո՛ւն եմ... որ ես սրբությանը մոտեցել եմ անմաքուր ձեռքերով, պժգալի զգացումներով, գարշելի ցանկություններով... Մինչդեռ ես ա՛յդ չէի ուզում, երկինքը վկա, Մանե, ա՛յդ չէի ուզում։ Ես ուզում էի ձեզ դարձնել իմ Լաուրան, իմ Բեաթրիչեն, իմ Մադոննան... Օ՜, թո՛ղ կայծակ ընկնի գլխիս, եթե այսուհետև...

Նա հանկարծ լռեց զարհուրանքով, կանգ առավ և աչքերը փակեց ակամա։ Տեղնուտեղը քարացավ նաև Մանեն, բայց նա չիմացավ՝ աչքերը փակե՞ց, թե չռեց. միայն տեսավ, որ շրջակայքը հանկարծ լուսավորվեց արտասովոր կուրացուցիչ լույսով և այդ լույսն իսկույն էլ հանգավ, որից հետո փողոցն այնպես մթնեց, որ Մանեին թվաց, թե ինքը հանկարծ կուրացավ: Անշարժ օդի մեջ տիրեց սպասողական զարհուրելի