անդորրություն։ Մի քանի վայրկյան հետո երկինքը հանկարծ այնպես ճայթեց, որ կարծես փուլ եկավ, և ամբողջ քաղաքը, զրնգզրնգաց ահագնադղորդ ձայներով։ Ըստ երևույթին, մոտիկ, շատ մոտիկ կայծակ ընկավ։ Մանեն մեքենայաբար նայեց Բադամյանին, կարծես ստուգելու համար, թե կայծակն արդյոք նրա գլխին չընկա՞վ։ Բադամյանը կանգնած էր գլուխը բաց, մազերը ցիրուցան և նայում էր երկնքին, զարհուրանքից կաշկանդված։ Էլեկտրականությամբ հագեցած անշարժ տաք օդի մեջ մի զով հով անցավ։ Անձրևի մի խոշոր կաթիլ, սառն ու պինդ, դիպավ Մանեի ձեռքին, որով կզակի մոտ բռնած էր գլխին գցած շալի ծայրերը։ Նա ցնցվեց և հանկարծ առաջ նետվեց։
Բադամյանն ուշքի եկավ այն ժամանակ, երբ Մանեն արդեն փախչում էր, նրանից բավական հեռացած։ Նա վազեց Մանեի հետևից։ Այժմ նա ոչինչ չէր մտածում և ոչինչ չէր ցանկանում. մտածում և ցանկանում էր միայն, որքան կարելի է` շուտ տուն հասցնի Մանեին, քանի հեղեղը չէր սկսվել։ Շուտով տուն հասնելու վրա էր մտածում նաև Մանեն, որ շնչասպառ վազում էր նրա առջևից։ Տանից նա դուրս էր եկել այն ժամանակ, երբ սկեսուրն ու ծառաները քնած էին արդեն. դուրս էր եկել ծածուկ, դուռը փակել էր բանալիով և այդ բանալին այժմ շուտ-շուտ շոշափում էր շրջազգեստի գրպանի մեջ, ստուգելու համար, թե խո չի՞ կորցրել։
Կարծես հսկայական մի ձեռք ուժգին թափով կոտրատված գծեր էր քաշում սև ամպերի մեջ րոպե առ րոպե, և փողոցները, տները, ամեն բան` ինչ որ երևում էր աչքին, լուսավորվում էին վայրկենական կուրացուցիչ լույսով։ Երկիրը դողում և ահարկու արձագանք էր տալիս երկնքի սպառնագին որոտումներին։ Անձրևի խոշոր կաթիլները հաճախացան և լսելի կտկտոցով զարկվում էին գետնին կենտ ու կենտ։ Հեռվից լսվում էր ինչ֊որ խուլ շրշյուն, երևի հեղեղն էր, որ մոտենում էր։ Գետնից սկսեց բարձրանալ արևից այրված փոշու ծանր հոտ, որից օդն ավելի ևս ծանրացավ։
Բադամյանը նորից հավասարվեց Մանեին և աչքերը ման էր ածում չորս կողմը, որ մի կառք գտնի, բայց ամայի փողոցներում շուն էլ չէր հաչում։ Տների լուսամուտները փակված էին պինդ և շատ պատուհաններում ճրագ չէր երևում: