Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/466

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

13

Մի բան, որ սաստիկ դող գցեց Մանեի մարմինը, այդ այն էր, որ իրենց տան դիմացը գտնվող տան պատի և փողոցով անցնող հեռախոսի լարերի վրա լույսի մի շերտ նկատեց։ Այդ լույսն ընկնում էր իրենց տան հյուրասենյակի պատուհանից։ Մի րոպե կանգ առավ ակամա և զգաց, որ ծնկները ծալվում են։ Գողե՞ր են մտել արդյոք... ամուսի՞նն է վերադարձել անակնկալ...

Մանեն մայթից անցավ փողոցի մեջտեղը և սաստիկ թուլացած ոտներով սկսեց առաջ գնալ խորդուբորդ սալահատակով, որի երեսն արդեն ծածկվել էր անձրևի ջրերով։ Երկյուղով չռած աչքերը մի վայրկյան անգամ չէր հեռացնում լուսավորված պատուհանից, կարծես ուզում էր ստուգել, թե իր ենթադրություններից ո՞րն էր ճիշտ։

Մի տասը-քսան քայլ էր մնում, որ հավասարվեր իրենց տան դռանը, երբ լուսավորված պատուհանի առաջ, որի փեղկերը բոլորովին բաց էին, մարդկային մի ուրվագիծ տեսավ։ Ուրվագիծը կանգնած էր անշարժ և լույսի ֆոնի մեջ դրսից նմանում էր չինական ստվերի։ Նա նայում էր դեպի դուրս։ Կարմրավուն անփայլ մի կրակ վառվում և հանգչում էր նրա բերանին. ըստ երևույթին, ծխախոտ էր ծխում։ Մի քանի քայլ էլ առաջ գնալով, նա հանկարծ ճանաչեց պատուհանի մոտ կանգնած ուրվագիծը։ Սկզբում շունչ առավ սաստիկ թեթևացած, հետո կատաղի մի զայրույթ լարեց նրա թուլացած մկանունքները։ Նորից արագացրեց քայլերը և այն վայրկյանին, երբ դռան առաջ սալահատակից մայթն էր բարձրանում, պատուհանի առաջ կանգնած ստվերը, ըստ երևույթին, տեսավ նրան և իր ամբողջ իրանով ներքև, դեպի փողոց խոնարհվեց։

— Մանե՞... այդ դու ե՞ս,— շշունջով կանչեց Վահանը երկրորդ հարկի բարձրությունից։

Մանեն չպատասխանեց, ջղային արագությամբ գրպանից հանեց բանալին, դուռը բաց արեց, մտավ և բարձրացավ վերև միջանցքի իրեն ծանոթ մութ սանդուղքով։