Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/468

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դնում նրա կառքի գոռգոռոցին և մտածում` «բախտավո՛ր մարդ. դու այդտեղ վերևը զբոսնում և ձիերիդ պայտերի տակից հուր ու կայծակ ես թափում, բայց իսկի մտածո՞ւմ ես, թե այստեղ այս մժղուկների աշխարհում ի՜նչ ահավոր դրամաներ են կատարվում…»։ Մի քիչ էլ որ ուշանայիր, պիտի գայի քո հետևից։

— Ո՞ւր,— հարցրեց Մանեն զարմանքով:

— Բադամյանի տուն:

Մանեն ցնցվեց։

— Դու ի՞նչ գիտեիր, թե ես նրա մոտ էի։

Վահանը ուսերը թոթվեց։

— Ուրիշ ո՞րտեղ կարող էիր լինել: Երբ որ տեսա տանը չես, իսկույն հիշեցի այսօրվա մեր խոսակցությունը։ Դու նրան վիրավորել էիր, այդ պատճառով չէիր կարող չգնալ ներողություն խնդրելու։

Մանեն ետուետ գնաց պաշարված մի տեսակ սնահավատ երկյուղով այն սրատեսության վերաբերմամբ, որ ցույց էր տալիս Վահանը։ Կարճ ժամանակ նա նայում էր եղբորը վերին աստիճանի ապշած, հետո հանկարծ առաջ նետվեց և շշնջաց զայրութից դողացող ձայնով.

— Լսիր... Ուրեմն դու լրտեսո՞ւմ էիր... Ուրեմն դեռ չէի՞ր գնացել... թաքնվե՞լ էիր այնտեղ... լսո՞ւմ էիր մեր խոսակցությունը...

Վահանն ուզեց ծաղրել, բայց, տեսնելով քրոջ զսպած զայրույթից փայլող աչքերը, զսպեց իրեն և ասաց տարակուսանքով.

— Ի՞նչ ես ասում, չեմ հասկանում։ Ես ի՞նչ գիտեի, թե դու այնտեղ ես, որ թաքնվեի և լրտեսեի։

— Հապա ո՞րտեղից գիտես, թե ես գնացել էի ներողություն խնդրելու։ Այս րոպեիս, դու կրկնեցիր ճիշտ նույն բառերը, ինչ որ ես ասացի Բադամյանին։ Ո՞րտեղից, ինչի՞ց գիտեիր այդ։

— Ասացի, որ մեր այսօրվա խոսակցությունից,— այս անգամ արդեն ծիծաղեց Վահանը։— Եվ այդ բանը պետք է վերագրես իմ հոգեբանական հոտառությանը, և ոչ թե լրտեսական ընդունակության, որ ես չունիմ։ Եվ ի՞նչ կարիք կա լրտեսելու, քանի որ ինքդ ոչինչ չես ծածկում և ամեն բան