Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/469

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խոստովանում ես ինձ, չնայելով որ... խիստ չարացած ես ինձ վրա։ Ասենք` ծածկելու ընդունակ էլ չես, որովհետև չափազանց անկեղծ ես։ Բնավորությունդ այն մարդկանց բնավորությունից է, որոնք մարդ սպանելուց հետո, փոխանակ փախչելու, գնում են ոստիկանատուն և ասում ուղղակի. «Ես մարդ սպանեցի, բռնեցեք ինձ»։ Այս գիշեր իմ այստեղ գալը և քո այնտեղ գնալը պատահական մի զուգադիպություն է, և ոչ թե ես առաջուց գիտեի, թե դու այնտեղ պիտի լինիս, և երկաթուղու կայարանից ետ դարձա հատկապես քեզ լրտեսելու համար, ինչպես, երևի, կարծում ես դու։ Լրտեսել... Ո՞րտեղից հնարեցիր, չեմ հասկանում։ Փառք աստծու, դու տեսար և նույնիսկ հանդիմանում էիր ինձ, որ ես անտարբեր եմ և հենց սկզբից չէի ուզում խառնվել այս գործին։ Եվ այդպես էլ պիտի հեռանայի և հեռանում էի, բայց կայարան գնալիս մտածեցի, որ այսքան անտարբերություն արդեն դատապարտելի է, մանավանդ այն բանից հետո, որ անցյալ օրն ինքդ էիր խնդրում ինձ, որ ազատեմ քեզ այդ անդունդից: Մասամբ, խիղճս հանգստացնելու և մասամբ եղբայրական պարտքս կատարելու համար ետ դարձա և ուղղակի գնացի Բադամյանի մոտ։ Առաջարկեցի, որ ձեռք վերցնի քեզնից։ Ուրիշ ի՞նչ կարող էի անել։ Նա վիրավորվեց և վիրավորեց ինձ։ Ասաց, որ ես իրավունք չունիմ խառնվելու այս գործին։ Շատ ճիշտ նկատողություն։ Ես լինեի նրա տեղը, նույնը կպատասխանեի։ Այսպես, թե այնպես, կյանքիս մեջ առաջին անգամ ուզեցի ղեկավարվել զգացմանս թելադրանքով և... քիթս ջարդեցի։ Բայց մի անգամ որ խրվել եմ այս ցեխի մեջ, ուզում եմ մինչև վերջ խրվել և այնպես հեռանալ: Լսիր ինչ եմ ասում։

Վահանը վեր կացավ և մոտեցավ քրոջը։

— Ինչքան էլ որ դու բնավորությանդ համաձայն հետևողաբար ես վարվել,— ասաց նա լրջորեն,— նախ չհավատալով այն նամակին, հետո վռնդելով նրան, հետո զղջալով, որ այդպես խիստ ես վարվել, այնուամենայնիվ, չէի կարծում, և չէի կարող կարծել, թե այդպես շուտ և առանց դրությունդ կշռադատելու, առանց հետևանքների մասին մտածելու, առանց նույնիսկ կասկածներդ ստուգելու, վեր կկենաս և կգնաս նրա մոտ, այն էլ... գիշերով։ Եթե այդ բանը վճռել ես անել