Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այժմյան ժամանակս «քաղաքակրթություն» անունն են տալիս։ Այդ կեղծ լուսավորությունն իրեն համար առաջնորդ ունենալով սխալ և անհիմն հայացքներ վեհ գաղափարների վրա, կնոջը տվել է կատարյալ ազատություն, իբրև թե դրա մեջ ճանաչելով իրեն նման և իրեն հետ հավասար իրավունքներ ունեցող էակի։ Դրանով կեղծ լուսավորությունն, յուր կարծիքով, կամեցել է կատարել ընդհանուր մարդկային մի վեհ գործ, բայց դրա փոխարեն դուրս է եկել վարքի կատարյալ ապականումն, կատարյալ անբարոյականություն, որոնց նմանը հազիվ թե գտնվի «տգիտության խավարում խարխափող ազգերի» մեջ, և եթե գտնվի էլ, այդ ներելի է նրանց, որովհետև, նրանք կոչվում են «տգիտության խավարի մեջ խարխափող ազգեր» և ոչ թե «քաղաքակիրթ աշխարհ»․․․ Ամբողջ «քաղաքակիրթ աշխարհը», մտածելով ճիշտ այնպես, ինչպես դուք եք մտածում, կնոջը տվել է ազատություն, իսկ ինքը նրա ստրուկն է դարձել, աստվածացրել է նրան, պաշտում է նրան։ Կնոջ ազատություն և նրա իրավունքների պաշտպանություն՝ սքանչելի՜ գործ... «Քաղաքակիրթ աշխարհը» պարծենում է դրանով, կարծելով, թե մի հրաշք է գործել, այնինչ նա ստեղծել է այլանդակ արարածներ, որոնց վրա նայելիս մարդ չէ ուզում հավատալ, թե դրանք լուսավորության և լուրջ մտածության դարի արդյունքներն են... Ո՞ւր է ճշմարիտ ամուսին, ո՞ւր է ճշմարիտ մայր, որոնց համար միայն ևեթ ստեղծված է կինը։ Հարցրե՛ք «քաղաքակիրթ աշխարհին»,— և նա ձեզ ցույց կտա մի շարժուն և խոսող պաճուճապատանք, որին ամեն բան կարող եք անվանել, բայց ո՛չ երբեք— ամուսին, ո՛չ երբեք մայր...

Յուր բոլոր այդ խոսակցության ժամանակ նրանից չէր հեռանում յուր սովորական սառնասրտությունը, չնայելով, որ ի ներքուստ նրա կատաղությունը գալիս էր, երբ տեսնում էր Պետրովի կլոր դեմքի վրա լիրբ ժպիտը, որի մեջ այդ ժամանակ նկատվում էր մի տեսակ զիջող հոգնություն։ Իսկ վերջին խոսքերի հետ նա մի սուր հայացք ձգեց Պետրովի վրա, վեր կացավ և դիմեց դեպի հյուրասենյակը։

«Վարդապետական քարո՜զ»,— լսեց նա յուր ետևից