ապտակ էլ տվեց, իսկական ապտակ։— Կամ, գուցե, մոռացե՞լ է քեզ իր այդ քաջությունն էլ հայտնել։
Մանեն զզվանքով ու ատելությամբ նայեց եղբոր ծիծաղից դողդողացող կախ ընկած կզակին և, առանց այլևս մի խոսք անգամ արտասանելու, դիմեց դեպի իր սենյակը, բայց կիսաճանապարհին կանգ առավ հանկարծ և դառավ դեպի Վահանը.
— Նպատակդ ի՞նչ է, որ այս կեսգիշերին եկել ես ինձ մոտ,— հարցրեց նա այս անգամ հանգիստ խստությամբ։
— Նպատա՞կս...
Վահանը նայեց սիգարի ծայրին, և նրա դեմքը լուրջ արտահայտություն ստացավ։
— Ահա թե ինչ էր նպատակս։ Կարող ես ինձ ատել, զզվել ինձնից, բայց, խնդրում եմ, լսիր ինձ հանգիստ, որովհետև այս րոպեին ամենևին տրամադիր չեմ կատակ անելու։ Կայարան գնալիս ես լուրջ կերպով կշռադատեցի դրությունդ և տեսա, որ, հիրավի, շատ վտանգավոր ճանապարհի վրա ես։ Եթե քո այդ տրագիկական սիրո մեջ կա մեկը, որ չարաչար պիտի տուժի,— մտածում էի ես և այս րոպեին էլ նույնն եմ մտածում,— այդ ոչ ամուսինդ կլինի և ոչ Բադամյանը, այլ դու և միմիայն դու։ Եվ ոչ-ոք չի պատժիլ քեզ այնպես խիստ, ինչպես դու ինքդ քեզ, որովհետև, ինչպես առաջ էլ ասացի, դու այն բնավորություններիցն ես, որոնց դատավորն ամենից առաջ իրենք են լինում և ամենախիստ, ամենաանողոք դատավորը։ Բադամյանին չսիրել չես կարող, քանի որ մի անգամ արդեն սիրել ես,— այդպես է երևում,— իսկ ամուսնուդ դավաճանել առավել ևս չես կարող, քանի որ այդպես է քո տարօրինակ խառնուրդը։ Եվ ահա պատրաստ է այն տրագեդիան, որի ցավալի վախճանը պարզ է։ Մի կողմից սեր, մյուս կողմից պարտքի ստոիկյան գիտակցություն։ Պայքարը հեշտ չէ։ Եվ հաղթանակը ո՛ր կողմն էլ լինի, մեջտեղ ճխլվողը դու պիտի լինիս։ Փրկություն չկա քեզ համար ո՛չ մի դեպքում։ Այս խորհրդածություններն էին անցնում գլխովս, երբ գնում էի կայարան։ Եվ երբ պարզորեն պատկերացրի քեզ սպասող վախճանը, զղջացի, որ իմ քույրն ես, իմ հարազատը և ահագին մեղք պիտի լինիմ բարձած խղճիս վրա, եթե քեզ թողնեմ մենակ և գործ չդնեմ ինձնից կախված ամեն միջոց այդ