վախճանը քեզնից հեռացնելու համար։ Այդ պատճառով ետ դարձա և հարկ համարեցի նախ գնալ Բադամյանի մոտ։ Դժբախտաբար, մենք չկարողացանք հասկացնել իրար։ Իմ միջամտությունը նա ընդունեց իբրև անձնական վիրավորանք։ Նրա մեջ խոսեց ավելի վիպասանը և հրապարակախոսը, քան թե կյանքի մարդը։ Նա համառեց։ Իսկ ես թեև բնավերությամբ ամենևին համառ չեմ, բայց երբ համառի եմ հանդիպում, նրանից ավելի համառ եմ դառնում։ Ազնիվ խոսք եմ ասում քեզ. այդ միջոցին հարյուր ֆրանկի մասին այնքան էի մտածում, որքան այս րոպեին դու մտածում ես, թե պատուասների մեջ կա՞ արդյոք դրամի գաղափարը։ Հարյուր ֆրանկի պատմությունը մեջ ընկավ բոլորովին պատահական կերպով։ Նա պինդ բռնեց այդ միջադեպից և իսկույն վճարեց իր պարտքը հոգեբանական այն պարզ հասկանալի պատճառով, որ կատարյալ անկախ և ազատ ախոյան հանդիսանա իմ դեմ և մասամբ էլ նվաստացրած լինի ինձ իր առաջ։ Այդպես է մարդկային բնավորությունը. պարտքը վճարելիս մարդ միշտ կարծում է, թե ինքն ավելի մեծահոգի և ազնիվ է, քան թե նա, ումից որ պարտք է վերցրել։ Ես ինձ նվաստացած չզգացի, իհարկե։ Իսկ երբ մանր դրամները շպրտեց, քիչ մնաց, որ ինքս ինձ կորցնեի, և լավ է, որ չկորցրի, որովհետև այս րոպեին նա հիվանդանոցումը կլիներ, իսկ ես ոստիկանատանը։ Ինչ վերաբերում է այն բանին, որ ուզում էր անկախ և ազատ ախոյան հանդիսանալ, այդ էլ միտք չուներ. որովհետև ես նրա մոտ գնացել էի ամենաբարի մտադրություններով և ոչ մի առիթ չտվի, որ հակառակը կարծեր։ Ինչևիցե։ Նրա մոտ գնալս ապարդյուն անցավ։ Մնում էր մի ուրիշ ելք։
— Դու չափազանց երկար ես խոսում և կրկնում ևս միևնույնը,— ընդհատեց նրան Մանեն սառնորեն։ Կարճ կտրիր՝ ի՞նչ ես ուզում։
— Այ, ասում եմ։ Մնում էր մի ուրիշ ելք,— ա՛յն, որ գայի քեզ մոտ, պարզեի քեզ քո դրությունը և նորից խնդրեի, որ գայիր այս ամառ գյուղը տանեի քեզ, որովհետև, ինչպես այսօր էլ ասացի, քո այդ սերը ժամանակավոր մի հիվանդություն է, որ առաջացել է, անշուշտ, մենակությունից, պարապությունից, ձանձրույթից, և այդ հիվանդությունից բժշկվելու