ամենալավ դարմանն այն կլինի, որ առժամանակ հեռու լինիս Բադամյանից, նոր անձեր, նոր բաներ տեսնես, նոր տպավորություններ ստանաս։ Մինչև անգամ ես կարող էի տանել քեզ արտասահման, եթե... Բայց,— իսկույն վրա բերեց Վահանը, տեսնելով, որ Մանեն անհամբեր դժկամության նշաններ է ցույց տալիս,— այդպիսի բան այլևս չեմ առաջարկում քեզ, որովհետև այն րոպեից, որ եկա տեսա տանը չես, այդ րոպեից թողեցի մտադրությունս, որովհետև զգացի, իսկ այժմ համոզվում եմ, որ արդեն ուշ է...
— Դարձյա՞լ... դարձյա՞լ ուզում ես ինձ վիրավորել,— բացականչեց Մանեն նորից հուզվելով։
— Ներողություն, ներիր խնդրում եմ,— շտապով վրա բերեց Վահանը։— Ես այն չէի ուզում ասել, ինչ որ դու ես կարծում։ Ես լիովին հավատում եմ, որ դու մաքուր ես մնացել...
— Լռի՛ր, լռի՛ր, անխի՛ղճ մարդ,— աղաղակեց Մանեն ձեռքերի մատները հյուսելով իրար մեջ, և նրա աչքերի մեջ ցոլացին հուսահատ անզորության արցունքի կաթիլներ։— Ո՞վ է քեզ իրավունք տվել, որ խոսում ես իմ մաքրության մասին... Ուզում ես, որ ես հանգիստ լսեմ քեզ, մինչդեռ ամեն րոպե, ամեն վայրկյան գրգռում ես ինձ, կոպիտ կերպով շոշափում ես ամենանվիրական զգացումներս, խոսում ես այնպիսի բաների մասին, որոնց վերաբերմամբ չէի կամենալ հաշիվ տալ ո՛չ֊ոքի... Մի անգամ գլուխս քարովը տվի և խնդրեցի, որ օգնես ինձ։ Այժմ չե՛մ ուզում... Լսո՞ւմ ես, չեմ ուզում։ Ազատիր ինձ քո հոգացողությունից... խնդրում եմ ազատիր, աղաչում եմ, ազատիր և, եթե կարելի է, մոռացիր իմ գոյությունն անգամ...
— Զարմա՜ցք, զարմա՜ցք,— արտասանեց Վահանը ուսերը թոթվելով։ Նա մոտեցավ սեղանին, հանգած սիգարը ձգեց մոխրամանի մեջ, նայեց ժամացույցին և առավ գլխարկը։— Ազատում եմ քեզ իմ հոգացողությունից և գնում եմ։ Ինձ մնում է միայն ասել այն, ինչ որ ասացի Բադամյանին, ես կատարեցի իմ պարտքը։ Բարի գիշեր։
Նախասենյակում վերարկուն հագնելիս հարցրեց.
— Դուռը կողպեքով չե՞ք կողպում գիշերները։