Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/475

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մանեն դուրս գնաց նախասենյակ և լուռ սպասում էր, մինչև որ Վահանը տնքտնքալով հագավ իր նեղ վերարկուն և հետևից ձիգ տվեց ներքև, որ մեջքի վրա գոյացած ծալքերը նստեն։ Հետո եղբոր հետևից իջավ մինչև փողոցի դուռը։ Վահանը բաց արեց դուռը և կանգ առավ ակամա։

Փողոցի մեջտեղով, փշշալով ու վշշալով, մի ամբողջ գետ էր վազում հեղեղի ջրերից գոյացած։ Երկինքը սկսել էր պարզվել արևմուտքում, որտեղ արդեն երևում էին աստղերը մաքուր ու շողշողուն։ Քամին գորշագույն ամպերը քշում էր դեպի արևելք, որտեղ երկինքը փայլատակում էր դեռ, սակայն որոտի ձայն այլևս չէր լսվում։ Անձրևն այժմ մաղում էր միայն և, ըստ երևույթին, կտրվելու վրա էր։ Մաքրված օդի մեջ զգացվում էր մի հաճելի ցուրտ թարմություն։

— Այս ջրերից անցնելը խաթա է. կոշիկներս թուլուխ պիտի դառնան,— ասաց Վահանը, կռացավ, տնքտնքալով ետ ծալեց անդրավարտիքի տոտերը, վերարկուի օձիքը վեր քաշեց և ապա ցած թողեց ծղոտե գլխարկի շրջապատը հովանոցի ձևով:— Դե՛հ, մնաս բարյավ. առավոտվա գնացքով գնում եմ անպատճառ։

— Գնաս բարյավ,— արտասանեց Մանեն և ակամա առավ եղբոր պարզած ձեռքը։

Վահանը նայեց նրա սառն դեմքին և ժպտաց դառնորեն:

— Շատ հիմար կերպով ենք բաժանվում, չէ՞,— ասաց նա։

Քույրը ոչ մի խոսք չպատասխանեց։

— Ափսո՜ս,— ակամա դուրս թռավ Վահանի բերանից։ — Ի՛նչպես ընդունեցիր և ի՛նչպես ես ճանապարհ դնում... Ա՛յ թե որտեղ է ասված՝ «Շատ մի սիրիր, ատել կա»։ Բայց մի մոռանար մյուս դարձվածքը՝ «Շատ մի ատիր, սիրել կա»... Ինչևիցե։ Աստված վերջը բարի անի... Այս անձրևը լավ է։ Ես վախենում էի, թե կարկուտ կգա։ Անցած տարի խաղողիս կեսը փչացրեց անտերը։ Դե՜հ, մնաս բարյավ։ Շուտ փակիր դուռը, օդը զով է, քրտնած էիր, կմրսես։

Եվ Վահանը դուրս գնաց։

Մանեն դուռը փակեց։