Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/478

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեկը գրավեց նրա ուշադրությունը։ Այդ կառքի մեջ նստած էր Մանեի ամուսինը— Սանթրոսյանը— ժոկեի գլխարկով և երկարաճիտ կոշիկներով։ Բադամյանը ձեռքը մեքենայաբար տարավ դեպի գլխարկը, բայց Սանթրոսյանն ըստ երևույթին, չտեսավ նրան, և կառքը սլացավ անցավ։

Երկար Ժամանակ Բադամյանը նայում էր կառքի հետևից տեղնուտեղը քարացած, մինչև որ կառքը չքացավ նրա աչքից. հետո մեքենայաբար նստեց հենց այնտեղ դրված երկայն նստարանի վրա, մի հաստ կնոջ կողքին, և չտեսավ տրամվայի վագոնը, որ եկավ մի-երկու րոպե կանգնեց կայարանում և, հաստ կնոջն ու մի քանի ուրիշ նստողներ ընդունելուց հետո, շարունակեց ճանապարհը զանգակը զրնգզրնգացնելով։

Սանթրոսյանի հանդիպումն այն աստիճան անակնկալ էր նրա համար, որ նա հարց տվեց իրեն, թե դա մի պատրանք չէ՞ր արդյոք, կառքի մեջ նստած մարդն արդյոք Սանթրոսյա՞նն էր, թե նրան նման օտար մի մարդ։ Երբ անակնկալի առաջին զորեղ տպավորությունն անցավ, նա տեսավ, որ այդտեղ զարմանալի ոչինչ չկար. մարդը կորած չէր, երկարատև բացակայությունից հետո՝ այսօր-վաղը գալու էր, և ահա եկել է... Բայց ե՞րբ է եկել, երեկ գիշե՞ր, թե՞ այս առավոտ... թե՞ հենց նոր է գալիս։ Բադամյանը շտապով հանեց ժամացույցը և նայեց. ժամը վեցին մոտ էր։ Երկար ժամանակ նա աշխատում էր հիշել, թե այդ Ժամին երկաթուղու որևէ գնացք արդյոք ժամանո՞ւմ է Թիֆլիս. հետո վեր կացավ և դիմեց մոտիկ կանգնած մի ոստիկանի։ Ոստիկանը չգիտեր։ Վերջը մի կառապանից իմացավ, որ այդ ժամին ոչ մի գնացք չի ժամանում։ Ուրեմն Սանթրոսյանն եկել է կամ երեկ գիշեր, կամ այս առավոտ (այդ ժամերին արդեն,— Բադամյանն այդ լավ գիտեր,— գնացքներ ժամանում էին Թիֆլիս)։

Նորից նստեց նստարանի վրա և, բոլորովին ուշադրություն չդարձնելով, թե ինչ է կատարվում շուրջը, անձնատուր եղավ մի ծանր մտատանջության։ Արդյոք ե՞րբ է եկել Սանթրոսյանը— գիշե՞րը, թե՞ այս առավոտ։ Արդյոք ի՛նչ կլինի պատահած, եթե եկած լինի գիշերը, այսինքն այն ժամանակ, երբ Մանեն իր մոտ էր։ Արդյոք ինչո՞վ կլինի բացատրած