Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Պետրովի խոսքերը։ Նա ետ չնայեց և նույն սառնասրտությամբ դուրս գնաց դեպի հյուրասենյակը։

— Դուք լսեցի՞ք ձեր եղբոր հռետորությունը,— հարցրեց Պետրովն Արմենակին, երբ նրանք երկուսով մենակ մնացին։

— Լսեցի։

— Համաձա՞յն եք նրա հետ։

— Համաձայն եմ։

— Ուրեմն երանի՜ ձեզ. դուք երջանիկ կլինեք, հա՜, հա՜, հա․․․— նա բարձրաձայն ծիծաղեց և դուրս գնաց դեպի հյուրասենյակը․ Արմենակը հետևեց նրան։

Ը
ԵՐԿՈԻ ՍԵՐ

Եվ այսպես Հարունյան ընտանիքի և իշխանուհի Մելիքյանի մեջ հաստատվեցավ այն բարեկամական կապերից մեկը, որ օր-օրի վրա ավելի ու ավելի ամրապնդվում է։ Նրանց միմյանց մոտ գնալ-գալը, նստել-խոսակցելը կարծես թե մի պահանջ էր դարձել, որին ոչ մի բանով չէին կարող հակառակ գնալ։ Օր չէր անցնիլ, որ նրանք միմյանց փոխադարձապես չայցելեին։ Բայց զարմանալին այն էր, որ իշխանուհին Թիֆլիսում բոլորովին խաղաղ կյանք էր վարում. նրա Պետերբուրգում վարած կյանքի նշույլն անգամ չէր երևում ոչ յուր տանն և ոչ դուրսը։ Բայց ի՞նչ էր պատճառը։ Եթե ասենք, որ Վրաստանի երբեմնի մայրաքաղաքը չէր կարող նրան այն բավականությունը տալ, ինչ որ Պետերբուրգը— այդ, կարծեմ, եթե չասենք բոլորովին, բայց փոքր֊ինչ անարդարացի կլիներ, որովհետև վերջին ժամանակներս Թիֆլիսում ավելացող զանազան զվարճատեղիները քիչ թե շատ կարողանում են մրցել մայրաքաղաքների նույնանման հիմնարկությունների հետ։ Չէ՞ որ եվրոպական քաղաքակրթությունն յուր պայծառ շողերը հետզհետե և ավելի ու ավելի հեռուն է սփռում։ Կամ եթե ասենք, որ Թիֆլիսում նա չուներ այն «բարեկամներն», ինչ