Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/481

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սաստիկ վախենում եմ այդ պարոնից։ Մեկ հարցրեք՝ ի՞նչ է ուզում, ինչո՞ւ հանգիստ չի տալիս քրոջս»։ Երբ Բադամյանն այդ Էլ կարդաց, Սալոմեն վերցրեց թուղթը, ճմռեց և գրպանը կոխեց, երևի վախենալով, թե միգուցե Նասիբյանը կարդա։

Բադամյանը նայեց Նասիբյանին։ Նասիբյանը շարունակում էր ջղային արագ քայլերով անցուդարձ անել սենյակում, և ամեն մի անցուդարձի ժամանակ վայրկենաբար հանգչում և նորից վառվում էին հեշտաեռի փորի մեջ լուսամուտի ապակիներից անդրադարձող արևի ճաճանչները։

— Նասիբյան, ի՞նչ է պատահել,— հարցրեց Բադամյանը զարմացած, նոր նկատելով, որ նա չափազանց հուզված է։

— Ինչ որ պատահել է կտեսնես,— արտասանեց Նասիրյանն ատամների միջից, քայլելիս մի պապիրոս հանեց, վառեց և լուցկին շպրտեց բաց լուսամուտից դուրս։

«Էլի հին պատմությունը»,— մտածեց Բադամյանը, որին շատ լավ հայտնի էին Նասիբյանի և Հեղինեի տարօրինակ հարաբերությունները։ Նա այլևս չփորձեց որևէ բան իմանալու Նասիբյանից։ Այդ միջոցին նրան ոչինչ չէր հետաքրքրում, նրան զբաղեցնում էր միայն այն տաժանելի միտքը, թե ե՞րբ էր եկել Սանթրոսյանը, և Հեղինեն կգիտենա՞ր արդյոք այդ։

Վերջապես եկավ Հեղինեն։ Նա մտավ իրեն հատուկ աղմկալի քայլերով, մանկաբարձական գործիքների անբաժան պայուսակը ձեռքին, շոգից և շտապ քայլելուց կարմրատակած ու քրտնած։

Նրան տեսնելուն պես Նասիբյանը կանգ առավ և դադարեց բեղը կրծելուց։

Հեղինեն ամենևին ուշադրություն չդարձրեց նրան կամ ցույց տվեց, թե ուշադրություն չի դարձնում, անցավ ուղղակի նրա քթի տակով, մի բարև շպրտեց Բադամյանին, պայուսակն ու փեղույրը դրեց լուսամուտի տախտակի վրա և գնաց նստեց սեղանի մոտ։

— Օ՛հ, մեռա,— ասաց նա, հոգնած ետ ընկավ աթոռի մեջքին, պենսնեն վերցրեց քթից և սկսեց թաշկինակով հով անել երեսին։ Հետո, հանկարծ տեսնելով ճաշի պարագաները, դարձավ քրոջը.— Այս ի՞նչ է։ Ես ճաշել եմ։ Հավաքել տուր այս բաները։