Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/488

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առավոտվանից ավելի սաստիկ. անհուն փափագ էր զգում պառկելու և պինդ, սաստիկ պինդ ծալելու ծնկները։

— Դուք լռում եք, հա՞,— շարունակեց Հեղինեն։— Լռո՞ւմ եք, որովհետև հաշիվներիդ չի գալիս, որ խոսեք, չէ՞։ Դուք ստիպված եք չտեսնելուն տալ այս զազրելի տիպը, որովհետև ձեր կուսակցությանն է պատկանում, չէ՞... Բայց իմացե՛ք, այսուհետև ես թքել եմ ձեր բոլոր կուսակցությունների վրա, որովհետև ձեր այդ կուսակցությունների անունը կա միայն, իսկ ամանումը... ցեխ կա միայն։ Ես այժմ հասկանում եմ Վահանին, նա բոլորովին իրավունք ուներ արհամարհելու և ծաղրելու ձեզ բոլորիդ էլ, որովհետև ի՞նչ եք դուք,— ֆրազյորներ և կապիկներ։ Ձեզ որ փետրահան անենք, տակներիցդ մի-մի մղդսի դուրս կգա։ Բայց ափսոս չէ՞ մղդսին, նա գոնե համբերատար է. իսկ ձեր հոգու խորքում մի-մի սուլթան կա նստած։ Դուք ազատամիտ, մինչև անգամ չափազանց ազատամիտ եք, երբ գործը չի վերաբերում ձեր անձնականին, բայց հենց որ բանը գալիս է ձեր կաշուն, դուք ամենաթունդ խավարամիտից էլ խավարամիտ և, որ ամենագարշելին է, պարզապես բռնակալ եք դառնում։ Ձեր այս անտանելի օդում խեղդվել կարելի է...

Բադամյանը վեր կացավ։

— Ներեցեք, ես գնում եմ։

Հեղինեն հանկարծ լռեց և զարմացած նայեց նրան։

— Գնո՞ւմ եք։

— Այո։ Վատ եմ զգում ինձ։

— Թե՞ նեղացաք իմ խոսքերից։

— Չէ։ Ձեր խոսքերը, համենայն դեպս, ավելորդ էին, և դուք էլ իզուր եք այդքան տաքանում, մի՞թե չեք տեսնում, որ նա շատ էլ նորմալ վիճակի մեջ չէ...

— Որ այդպես է, թող գնա գժատուն, ինչու է ինձ մոտ գալիս։

— Վերջիվերջո կգնա, ապահով եղեք։