Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/489

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
16

Տուն հասնելուն պես Բադամյանը պառկեց։ Մարմնի մեջ սաստիկ ցուրտ էր զգում. այնուհետև ջերմեց։ Թիկունքի մեջ ծակոցները սաստկացել էին։ Գիշերն անցկացրեց խիստ անհանգիստ։ Սաստիկ տաքության մեջ նրան թվում էր, թե պտտվում է վեգի պես և այդպես պտտվելով գլխիվայր սլանում է շեշտակի մի մութ անդունդ լի ինչ-որ աղոտ-փայլուն բծերով՝ նման մանրիկ աստղերի։

Առավոտյան ծառային ուղարկեց ծանոթ բժշկի հետևից։ Բժիշկը հանգստացրեց նրան, ասելով, որ ոչինչ չկա, հարկավոր է միայն տաք մնալ և քրտնել, և դեղ գրեց։ Սակայն օրվա ընթացքում Բադամյանը նորից դողացրեց և ջերմեց։ Երրորդ օրը նկատեց, որ չոր կերպով հազում է։ Այդ բանը վախեցրեց նրան։ Բժիշկը նորից եկավ, այս անգամ ուշի-ուշով քննեց հիվանդի թոքերը և ասաց, որ հարկավոր է շատ զգույշ կենալ, և նոր դեղ գրեց։

Սակայն այլևս ոչ մի զգուշություն և ոչ մի դեղ չօգնեց։ Թոքերի բորբոքումը գնալով սաստկանում էր. օր֊օրի վրա բարձրանում էր տաքության աստիճանը. հիվանդը չէր կարողանում ամոքել ծարավը կաթի և սելթերյան ջրի խառնուրդով, որ բժիշկը պատվիրել էր խմել ջրի տեղ։ Իսկ հազը հետզհետե չորանում էր և ուժեղանում։ Հինգերորդ օրվանից գիշերները, երբ տաքության աստիճանը խիստ բարձրանում էր, նա կորցնում էր ուշքը և զառանցում: Սակայն առավոտները համեմատաբար լավ էր լինում և կարողանում էր մտածել էր իր դրության մասին։ Իսկ այդ դրությունը նրան հանաք բան չէր երևում։ Նրան վախեցնում էր մանավանդ այդ չոր հազը, որ ուժգնության րոպեներին կարծես ուզում էր պոկել նրա թոքերը և դուրս շպրտել բերանից։

Ուշքը գլխին եկած ժամանակ նրա միտքը շարունակ պտտվում էր Մանեի շուրջը, և մի տարօրինակ եսական-վրեժխնդրական զգացում թելադրում էր նրան մեռնել։ Նրա ջերմոտ երևակայությունը ստեղծում էր զանազան սանտիմենտալ տեսարաններ, և նա առանձին հաճությամբ կանգ էր առնում այն տեսարանի վրա, թե ինչպես ինքը պառկած է դագաղի մեջ, ձեռքերը կրծքին ծալած, գլուխն ուսին ծռած,