Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ Պետերբուրգում— այդ կողմից ևս մենք սխալված կլինեինք, որովհետև այդպիսի դեպքում մենք շատ քիչ ծանոթ կլինեինք հրաշագեղ իշխանուհի Սոֆիա Մելիքյանի հետ։ Բավական էր, որ նա կամենար, և այդպիսի «բարեկամներ» չէին հապաղիլ հավաքվելու նրա շուրջը, ինչպես մեղրի շուրջը ճանճերը. փառք աստծո, Թիֆլիսն էլ խո այնքա՛ն հարուստ է այդպիսիներով։ Ոչ այս և ոչ այն, այլ իշխանուհի Մելիքյանը կամենում էր, ասենք նրա խոսքով, «հանգստանալ»։

— Ես բոլորովին ձանձրացել եմ այդպիսի կյանքից,— ասում էր նա տիկին Հարունյանին։— Ամուսինդ շատ ճիշտ է ասում, որ խաղաղ և հանգիստ կյանքն ավելի քաղցր է. այդ պատճառով ես, բացի ձեզանից, ուրիշ բարեկամներ չեմ ուզում ունենալ։ Նրանք այժմ ինձ բոլորովին անտանելի են թվում...

Սակայն, բացի Հարունյաններից, նրա մշտական այցելուն էր և Պետրովը։ Արմենակի պատմությունից մենք արդեն գիտենք, թե ո՛վ էր նա, ի՛նչ էր զգում դեպի իշխանուհին և ինչո՛ւ էր եկել Թիֆլիս. գիտենք նույնպե՛ս, թե իշխանուհին ի՛նչպես էր նայում նրա վրա։ Թեպետ վաղուց նա ձանձրացել էր այդ լիրբ աստիճանավորից, բայց երբեմն էլ նա զվարճանում էր դրա անօգուտ, հիմար սիրո վրա և ուղղակի ծաղրում էր նրան։

— Դուք մինչև ե՞րբ պետք է հետևեք ինձ, պարոն Պետրով,— հարցնում էր նա նրան, ծիծաղելով։

— Մինչև որ ձեր թանկագին սիրտն ինձ կնվիրեք,— պատասխանում էր Պետրովը։

— Ուրեմն սպասեցեք, հա՜, հա՜, հա՜․․․ Հիրավի, ի՜նչ երջանիկ օր կլինի այն, երբ իմ թանկագին սիրտն արդեն ձեզ նվիրած կլինեմ, հա՜, հա՜, հա՜․․․ դուք հիմար եք, պարոն Պետրով։

— Դուք ինձ հիմար համարեցեք, բայց ես չեմ հուսահատվիլ։ Այդ էլ ինձ համար մի երջանկություն է, որ ես ձեր թանկագին բերանից եմ կնքվում մի այդպիսի ածականով։

Իրավ որ այդպիսի խոսակցությունը մեծ զվարճություն էր պատճառում իշխանուհի Մելիքյանին։