Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/492

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աչքերը, նրա դեմքի ամեն մի խորշը։ Այդ զառամյալ ծերունին կարծես թե հարցնում էր մի շատ հասարակ բան։

— Ո՞րտեղից հնարեցիք, թե մեռնում է,— նկատեց Հեղինեն դժկամությամբ:

— Աչքերը... աչքերը լավ չէին,— շշնջաց ծերունին կարծես ինքն իրեն։ Մի քիչ լռելուց հետո, նորից իր թավ հոնքերի տակից նայեց Հեղինեի աչքերին և հարցրեց նույն խաղաղ ձայնով։— Տերտերին իմաց տվե՞լ եք։

Հեղինեն այս անգամ չկարողացավ զսպել իր զայրույթը։

— Ինչե՜ր եք ասում, չեմ հասկանում,— բացականչեց նա,— եկաք-չեկաք, մեռնելուց և տերտերի մասին եք խոսում... Զոռո՞վ եք ուզում, ի՛նչ է, որ մեռնի։

Վերջին խոսքերը Հեղինեի բերանից դուրս թռան ինքնաբերաբար, և նա մտածեց, թե մի՞թե այդ փտած ծերունին պիտի հանդիսանար Բադամյանի ժառանգը, քանի որ Բադամյանն ուրիշ ոչ մի ավելի մոտիկ ազգական չուներ։ Այդ միտքը բոլորովին վրդովեց նրան, և նա ավելացրեց ավելի ևս զայրագին.

— Հենց թեկուզ մեռնելիս էլ լինի, մի՞թե ձեր տերտերը պիտի փրկի։

— Տերտերը չի փրկիլ, որդի, բայց տերտերի տված հաղորդը կփրկի:

— Ո՜նց չէ. որ հաղորդես, է՜, իսկույն ոտի կկանգնի։

— Հաղորդը դեղ խո չի, որդի, որ առողջացնի։ Հաղորդը հոգու համար է, որ սրբի մեղքերից։ Մարմինը չի փրկիլ, բայց հոգին կփրկի։

— Հոգի՜... ի՞նչ հոգի,— բացականչեց Հեղինեն գրգռված ոչ այնքան նրա խոսքերից, որքան նրա հանգիստ, դոգմատիկական տոնից։— Մարմինն ինքը հոգի է՝ քանի կենդանի է. իսկ երբ որ մեռնի, հոգի էլ ո՞րտեղից կլինի, որ փրկես...

Զաքարը լսում էր Հեղինեի խոսքերի տարափը վերին աստիճանի ապշած։ Մինչև անգամ նրան տիրել էր սրբազան մի սարսափ, որ այնտեղ, կից սենյակում, մարդը պատրաստվում էր ավանդելու իր հոգին, իսկ այստեղ ուրանում էին այդ հոգու գոյությունը, հետևաբար և այն ահեղ դատաստանը,