Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/494

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համար, բայց առայժմ Թիֆլիս էր եկել մի քանի դրամատերերի հետ բանակցելու և կնոջն ու մորն ամառանոց փոխադրելու նպատակով։ Թիֆլիս հասած օրը երկաթուղու կայարանում հանդիպելով Վահանին, թռուցիկ կերպով պատմել էր նրան իր գործերի դրությունը և այդ գործերն ընդարձակելու մտադրությունը. հետո հիշելով, որ Վահանը փող ունի, սկզբում կատակով, ապա լրջորեն առաջարկել էր նրան, որ միանա իր հետ և միասին աշխատեն ապագա ընկերության հիմքը դնելու։ Այդ բանը նստել էր Վահանի խելքում, և նա թողել էր այդօր գյուղ վերադառնալու մտադրությունը, որպեսզի մանրամասնորեն ծանոթանա գործերին և լրջորեն խորհրդակցի փեսայի հետ։ Սանթրոսյանն իր հետ բերել էր հանքերի զանազան նմուշներ, որոնք թափված էին սեղանի վրա, և այդ բոլորը մի առ մի ցույց էր տալիս Վահանին ու բացատրում։

Մանեն ճաշասենյակից ականջ էր դնում ամուսնու և եղբոր խոսակցությանը և շատ ուրախ էր, որ նրանք ամեն օր զբաղված են իրենց գործերով և մի առանձին ուշադրություն չեն դարձնում իր վրա։ Ամուսնու անակնկալ վերադարձից հետո նա այն դրության մեջ էր զգում իրեն, ինչ դրության մեջ որ, անշուշտ, զգում է իրեն հանկարծ ծուղակն ընկած թռչունը։ Սկզբում նա սարսափեց, երբ եղբորն ամուսնու հետ տեսավ, բայց Վահանը փեսայի ներկայության ժամանակ քրոջ հետ վարվում էր այնպես, որ կարծես ոչինչ չգիտեր Մանեի գաղտնիքից և նրա հետ ոչ մի ընդհարում չէր ունեցել։ Վահանի գործադրած այդ տակտը բավական հաշտեցրեց Մանեին եղբոր հետ։ Ինչ վերաբերում է Սանթրոսյանին, նա մի առանձին բան չնկատեց կնոջ մեջ, բացի միայն այն բնից, որ Մանեն բավականին նիհարել էր։

Զաքարը չգիտեր, որ Սանթրոսյանն եկել է, և, երբ Օսանն ավետեց նրան որդու գալուստը, նա ուրախությունից մոռացավ Հեղինեի հետ ունեցած վրդովեցուցիչ խոսակցությունը և ճաշասենյակից անմիջապես անցավ հյուրասենյակ։ Օսանը հետևեց նրան, իսկ Մանեն մնաց ճաշասենյակում։

Սանթրոսյանը ծերունուն ընդունեց շատ սիրալիր կերպով և կատակով հանդիմանեց նրան, որ այդպես ուշ է գալիս իր գալուստը ողջունելու։ Զաքարն երդում-կրակ ընկավ, թե չէր