Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՔՆՔՈԻՇ ԼԱՐԵՐ
(վեպ)

Ա
ԹԱՏՐՈՆՈՒՄ

Թիֆլիսի Ամառային թատրոնում հայ թատրոնասերները բարեգործական նպատակով ինչ-որ ներկայացում էին տալիս։ Գուցե «բարեգործական նպատակն» էր պատճառը, որ բոլոր տոմսերը ծախված էին, որովհետև արդեն հայտնի իրողություն է այն, որ հայ «մշտական» խմբի ոչ-բարեգործական նպատակով տված ներկայացումներին գրեթե միշտ տորիչելյան դատարկություն էր տիրում թատրոնում... Ժողովուրդը, որ բաղկացած էր գլխավորապես ինտելիգենտ կոչված դասից, նշանակյալ ժամանակից դեռ կես ժամ առաջ արդեն սկսել էր տեղալ դեպի թատրոն։ Վերնահարկում, ուր հաճախում են գլխավորապես քաղաքի չքավոր հայ ուսանողները, արդեն սկսվել էր իրարանցումը։ Բոլոր օթյակները բռնված էին։ Նրանցից շատերի մեջ նստած զրուցում էին երկու սեռի ներկայացուցիչների մարդիկ և կանայք, իսկ շատերի մեջ, աթոռների վրա գտնվում էին միայն նրանց անշունչ ներկայացուցիչները՝ կանանց գլխարկներ, շալեր, դիտակներ, իսկ նրանց տերերը, որովհետև տակավին վաղ էր, զբոսնում էին սրահում։

Երկու հարևան օթյակներ միայն տակավին դատարկ էին։ Նրանց այդ գիշերվա վարձողները կամ մյուսների նման անհամբեր չէին, կամ տակավին չէին վերջացրել իրենց զարդարանքների ամենավերջին անճշտությունները։ Սակայն շուտով նրանցից մեկի դուռը բացվեցավ, և ներս մտան մի տղամարդ ու կին։ Նրանք անմիջապես նստեցան իրենց աթոռների վրա և լուռ սկսեցին նայել հանդիսականներին, որոնցից