Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/501

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ստվերներ էին շարժվում, և երբեմն-երբեմն շատ պարզորոշ լսվում էին նրանց խոսակցության և ծիծաղի ձայները։ Դաշնամուրի և ջութակի ներդաշնակ ձայների մի ամբողջ հեղեղ էր դուրս հոսում այդ պատուհաններից, մերթ ուրախ և բուռն՝ զորահանդեսի ելած զինվորների աղաղակի պես, մերթ տխուր ու թախծալի, ինչպես թաղման նվագածություն։ Ջութակը լեզու էր կտրվել. խոսում էր, աղերսում, լալիս էր հուսահատ հեկեկանքով,— թվում էր, թե մեռնում էր և փրկություն հայցում. իսկ դաշնամուրը, անհուն վիշտը սեղմած կրծքի մեջ կարծես թե աղոթք էր մրմնջում մեռնողի վրա իր պեդալի խուլ ձայներով...

Մանեն զգաց, որ ինչ-որ մի բան կամաց-կամաց բարձրանում է իր սրտի խորքից և բռնում է բուկը։ Նա նստեց և տաքացած ճակատը սեղմեց պատշգամբի երկաթյա սառն վանդակի վրա։ «Մեռնում է,— մտածում էր նա:— Ինչո՞ւ, ի՞նչ է պատահել... Կարելի բա՞ն է այդ... Ո՞ւմ պատճառով... Մի՞թե իմ... մի՞թե ինձ համար...»։

Մի բարձրաձայն խմբական քրքրիջ ուշքի բերեց նրան։ Նա գլուխը բարձրացրեց և մեքենայաբար նայեց դիմացի տան ճրագավառ պատուհաններին։ Դաշնամուրը լռել էր, իսկ ջութակը նախկին վշտահար հեծկլտանքի տեղ այժմ ինչ-որ անասնական ձայներ էր հանում. մերթ խռխռացնում էր խոզի պես, մերթ մլավում կատվի պես, մերթ ծվծվում մկան պես...

Մանեն վեր կացավ, ներս մտավ և անցավ ներքին սենյակները, որպեսզի չլսի այդ անտանելի ձայները։

Սկեսուրը վերադարձավ։ Այդ բանը, ուրախացնելու տեղ, զարմացրեց Մանեին. նա կարծես թե վճռել էր, որ այդ գիշեր Բադամյանը պիտի մեռներ անպատճառ, հետևաբար Օսանը պիտի մնար նրա մոտ՝ նրա աչքերը փակելու։

Սկեսուրը սաստիկ բարկացած էր, Հեղինեն չէր թողել, որ նա մնա հիվանդի մոտ, ասելով, որ պառավի ներկայությունն