Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/502

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ավելորդ է և խանգարել միայն կարող է, ուստի նրան էլ, Զաքարին էլ պարզապես դուրս էր արել։ Տերտերին անգամ ուզում էր ներս չթողնել, բայց քաշվեց։ Իսկ հիվանդի դրությունը շատ վատ էր. հաղորդությունն ընդունելիս ամենևին ուշք չկար գլխին։ «Չէ, չի լուսացնիլ այս գիշեր»,— վերջացրեց իր պատմությունն Օսանը։

«Չի լուսացնիլ այս գիշեր»,— այս խոսքերն ընկան Մանեի ուղեղը և այնուհետև երկար ժամանակ պտտվում էին այնտեղ, լարված մեքենայի անիվի պես։ Խիստ անհանգիստ դրության մեջ, նա չէր իմանում ինչ անի, ինչ մտածի. մերթ նստում էր, մերթ վեր կենում, նորից նստում, բաց էր անում որևէ գիրք, բայց, առանց մի բառ անգամ կարդալ կարողանալու, նորից վեր էր կենում, ման գալիս, և ամբողջ ժամանակ նրա միտքը կրկնում էր մեքենայորեն՝ «չի լուսացնիլ այս գիշեր...»։ Այդ միջոցին նա ոչինչ չէր զգում. զգում էր միայն, որ սպասում է ինչ-որ մի բանի և այդ սպասողությունը հետզհետե փոխվում է ջղային անհամբերության։ Հետո պարզապես տեսավ, որ սպասում է, թե երբ պիտի քնի սկեսուրը։

Երբ, վերջապես, սկեսուրն առանձնացավ իր ննջարանը, մի տարօրինակ երկյուղ պաշարեց Մանեին։ Անշարժ կանգնած, նա կարճ ժամանակ ուշիուշով ականջ էր դնում դեպի նախասենյակը, և ամեն մի շրշյուն արագ զարկել էր տալիս նրա սիրտը։ Հետո կամաց հանեց գլխի ամառվա թեթև ծածկոցը, ծածկեց այնպես, որ միայն աչքերն էին երևում և զգուշորեն, կարծես մի բան գողացած, դուրս եկավ։

Առաջին երկու փողոցն անցավ գրեթե վազելով, հետո զգալով, որ ծնկները ծալվում են, և շունչը հազիվ է ետ բերում, կառք նստեց։

Մի տասը րոպեից կառքը կանգ առավ Բադամյանի բնակարանի առաջ:

Դուռը ներսից փակ էր։ Նա ուշադրություն չդարձրեց