Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/504

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրա։ Մանեն առավ նրա ձեռքը և իսկույն բաց թողեց— այնքա՛ն տաք էր ու չոր։

— Բադամյա՛ն,— շշնջաց նա։

Հիվանդը չլսեց։ Նա պառկած էր անշարժ. շնչում էր ոչ թե քթով, այլ բաց բերանով, և այդ շունչը դիպչում էր Մանեի երեսին բաղնիքի գոլորշու պես խոնավ ու տաք։

— Բադամյա՛ն,— կրկնեց Մանեն, ավելի ևս խոնարհվելով հիվանդի դեմքի վրա։— Բադամյա՛ն... Չե՞ս լսում։

Հիվանդի աչքերն այս անգամ բացվեցին ծանրորեն, ավտոմատի աչքերի պես, և, փոխանակ Մանեին նայելու, նայեցին ճրագի լույսին ու նորից փակվեցին նույն ծանորությամբ:

Մանեն սոսկաց։ Այդ աչքերը... այդ հայացքը... անգիտակից, զգայազուրկ, ֆոսֆորային հայացքը... Մի՞թե արդեն մեռնում է... Մանեն մեքենայաբար նայեց չորս կողմը, կարծես ուզում էր օգնություն աղաղակել, բայց սենյակում, բացի իրենից և հիվանդից, ուրիշ ոչ ոք չկար։ Նոր հիշեց, որ Հեղինեն այդտեղ պիտի լիներ, բայց նա չկար։ Ծառան ևս չէր երևում։ Մանեն նորից խոնարհվեց հիվանդի դեմքի վրա, նորից սկսեց կանչել նրան, բայց Բադամյանի աչքերն այլևս չբացվեցին։ Հիվանդը պառկած էր առաջվա պես անշարժ և առաջվա պես շնչում էր կիսաբաց բերանով ծանր ու հատու։ Հիվանդությունը միանգամայն փոխել էր նրա դեմքը. դա կարծես Բադամյանը չէր, այլ բոլորովին անծանոթ մի մարդ խոր ընկած աչքերով, դուրս ցցված այտոսկրերով և սուր քթով, որը պլպլում էր մահվան դեղնությամբ։

Մանեն մոմկալը դրեց առաջվա տեղը և նստեց մահճակալի մոտ դրված աթոռի վրա։ «Սա երազ է... անշուշտ երազ է,— մտածում էր նա մեքենայաբար։— Մեռնել... ինչի՞ց... ինչո՞ւ համար... այսպես հանկարծ... այսպես անակնկալ...»։ Նա հայացքը հառել էր հիվանդի փակ աչքերին, որոնք կիսախավարի մեջ թվում էր թե փակ չեն, այլ բաց են և խոռոչները,