Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/505

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամբողջովին սև ու դատարկ, նայում են առաստաղին ինչ-որ ահարկու խորհրդավորությամբ։

Հիվանդը տնքաց, շարժվեց, ձեռքերով ետ քաշեց վերմակը կրծքից, և, խիստ տաքության մեջ, սկսեց զառանցել։ Մանեն ցնցվեց և լարեց իր ամբողջ լսողությունը, բայց հիվանդի զառանցանքից ոչինչ չհասկացավ։ Անկապ խոսքեր էին միայն, որ դուրս էին գալիս հիվանդի բերանից կիսատ կամ աղավաղված, ինչպես լեզուն կապված անդամալույծի արտասանած բառեր։ Մեջ ընդ մեջ նա լեզվի ծայրով լպստում էր շրթունքները և բերանը շարժում տարօրինակ կերպով, կարծես բերանում ատամներ չուներ և այդ անատամ բերանով ինչ-որ փափուկ բան էր ծամում։ Այնուհետև հիվանդը հանգստացավ և նորից առաջվա դրության մեջ ընկավ։

Մանեն գամվել էր աթոռի վրա։ Նա պարզ հաշիվ չէր կարողանում տալ իրեն, թե ինչո՞ւ եկավ, ի՞նչ պիտի շինի այդտեղ, ի՞նչ է իր դերը։ Բնազդմամբ միայն հասկանում էր, որ այդտեղ, իր կողքին պատրաստվում է ինչ-որ խիստ կարևոր մի բան, որին ինքը ներկա պիտի լինի, չի կարող ներկա չլինել, որովհետև այդ բանը որ կատարվի, դրանով վճռված կլինի իր համար ահագին նշանակություն ունեցող մի խնդիր՝ կյանքի և մահու չափ ահագին ու կարևոր։

Այժմ նա հանգիստ էր։ Կամաց-կամաց նրան պատում էր միտքը թմրեցնող, զգացումները բթացնող այն անդորրությունը, որ պատում է մահապարտին իր անխուսափելի վախճանին սպասելիս։ Նա ետ էր ընկել աթոռի մեջքին և անմիտ հայացքով դիտում էր իր սեփական ստվերը, որ խաղում էր դիմացի պատի վրա հետևից լուսավորող մոմի երերուն լույսից։ Ծոցի ժամացույցը ճկճկում էր սեղանի վրա անդուլ ու անտարբեր։

Հարևան սենյակից ինչ-որ շտապ քայլերի ձայներ լսվեցին, և նույն րոպեին ներս մտավ Հեղինեն արագ ու զգուշորեն: