Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էին, չնայելով յուր բոլոր ջանքին՝ սառնասրտությամբ տանելու նրա բոլոր փորձող հայացքներն— և նա ակամայից անձնատուր էր լինում նրա դյութություններին...

«Ո՛չ, ո՛չ, այս չպե՛տք է լինի,— կանչեց նա վերջապես մի անգամ յուր դրության վրա լավ խորհելուց հետո։— Հիմար եմ, ի՞նչ է... Եվ ես չեմ կարողանում վերջապես դուրս կորզել սրտիցս այս կեղեքիչ, անպիտան զգացմունքը։ Եթե միշտ այսպես պիտի շարունակվի, ուրեմն ես ամենաողորմելին եմ, ուրեմն իմ մեջ չկա կամքի ուժ, ուրեմն ես մարդ չեմ... Եվ ի՞նչպես պիտի տանեմ ես իմ սեփական նախատինքը... Օ՜, ո՜չ, ես անձնատուր չեմ լինի այս զգացմունքին, թեկուզ հարկավորվի դրա համար կյանքս ետ դնել...»։

Եվ Հարունյանը վերջնականապես և անձնավստահորեն վճռեց յուր մեջ այդ բանը։ Նա պետք է հաստատակամությամբ և անդադար պատերազմի յուր մեջ գործող զգացմունքի դեմ, մինչև որ վերջապես այդ ներքին սոսկալի պատերազմը կպսակվի ամենաքաղցր հաղթությամբ։ Նա հույս ուներ, իհարկե, որ այդ բանը նրան անպատճառ կհաջողվի, եթե միայն անձնատուր չլինի յուր ներքին ամենաուժեղ թշնամուն— ցանկությանը, որին հաղթելու համար, իբրև միակ զենք այդպիսի դեպքում, նա ընտրել էր յուր հաստատակամությունը։

Եվ Հարունյանը սկսեց յուր բարոյական պատերազմը։

Նա սկսեց նրանից, որ ամեն կերպ աշխատում էր խույս տալ իշխանուհի Մելիքյանից։— Երբ իշխանուհին գալիս էր նրանց տուն, նա, սուտ գործեր պատճառ բերելով, իսկույն դուրս էր գնում տանից, որպեսզի այդ գեղեցկուհու աչքերը չթուլացնեն նրա ուժերը։ Երբ կինը խնդրում էր նրան իշխանուհուն այցելության գնալու, նա նույն գործերի պատրվակով չէր գնում, այնպես որ կինը ստիպված էր լինում կամ մենակ գնալու, կամ բոլորովին չգնալու։

— Զարմանալի է,— նկատեց նրան մի անգամ կինը կասկածանքով,— քո գործերն այն ժամանակ են հայտնվում, երբ կամ նա է մեզ այցելում, կամ ես եմ խնդրում քեզ նրան այցելության գնալու։

— Հավատացիր, սիրելիս, որ չեմ կարող գալ, անհետաձգելի գործեր ունիմ,— պատասխանեց ամուսինը, անհրաժեշտ