Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/516

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ ինքն այլևս առաջվա մարդը չէ, այլ մի բոլորովին այլ արարած, որի մեջ ամեն ինչ օտար է, անծանոթ, զարմանալի և սարսափելի։ Նույն օտարը, նույն անծանոթը, նույն զարմանալին ու սարսափելին նա տեսավ և զգաց Մանեի մեջ, որի չափազանց լուրջ, գունատ դեմքն իր վայր թողած աչքերով երևաց նրա առաջ և չքացավ ննջարանի դռան հետևը գերեզմանից ելած ուրվականի պես...

Սանթրոսյանը նստած էր արմունկները հենած ծնկներին և գլուխն առած ձեռքերի մեջ։ Կնոջ ուրվականը չէր հեռանում նրա աչքի առջևից, և նա չէր իմանում ինչ է մտածում, ինչ է զգում. մտքերն ու զգացումները մի սարսափելի քաոս էին կազմում նրա մեջ։ Նա նեղվում էր ծանր, տաք օդից, գիշերվա անդորրությունից ու մենակությունից և զգում էր, որ եթե պատուհանից մի քիչ հով փչեր, եթե ցերեկ լիներ, ինքն այդպես չէր նեղվիլ: Ծղրիդի ճռինչը մանավանդ ֆիզիկական ցավ զգացնելու չափ գրգռում էր նրա ջղերը, և նա չէր իմանում ո՛ւր փախչի, որ ազատվի այդ անտանելի համառ ճռինչը լսելուց։

Նա վեր կացավ, որ դուրս գնա պատշգամբ։ Մութ հյուրասենյակով անցնելիս հարևան ճաշասենյակից խրոխտ հազի ձայներ լսվեցին։ Նա ցնցվեց, կանգ առավ և ականջ դրեց։ Վահանն էր հազողը։ «Մի՞թե այստեղ է մնացել»,— մտածեց Սանթրոսյանը և դուրս գնաց պատշգամբ։

Գիշերը զարմանալի խաղաղ էր։ Բաց երկնքի տակ օդի մեջ թեև փոքր-ինչ զով թարմություն էր զգացվում, բայց և այնպես Սանթրոսյանը դարձյալ նեղվում էր, և այստեղ ևս լսվում էր ծղրիդի ճռինչը՝ քաղցած մանկան լացի պես համառ և լսողի ջղերը քայքայող։ Որքան նա աշխատում էր չլսելուն տալ, այնքան այդ ճռինչը հրամայաբար տիրում էր նրա ուշադրությանը։ Վերջը տեսավ, որ այլևս ոչ մի բանի մասին չի մտածում. մտածում է միայն այն մասին, թե որտեղից է գալիս այդ ճռինչը— աջի՞ց, թե ձախից, վերևի՞ց, թե