Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համարելով ստախոսել այդ դեպքում։— Այսօր դու գնա մենակ նրան այցելության, անշուշտ մյուս անգամ ես ժամանակ կունենամ քեզ ընկերակցելու․․․

Իսկ երբ մյուս անգամ էլ կինը նկատեց նրան այդ միևնույն բանն և դարձյալ միևնույն պատասխանն ստացավ, նա ասաց ուսերը վեր քաշելով․

— Ես բոլորովին զարմանում եմ, թե ի՞նչ է նշանակում այդ, Ստեփաննոս․․․ դու ինձ հետ լայեղ չե՞ս անում, ինչ է, նրան այցելելու․․․

Ամուսինն այնպես նայեց կնոջը, որ նա ստրջացավ յուր ասածից։

— Կամ նրան արհամարհո՞ւմ ես, ատո՞ւմ ես,— շտապով ավելացրեց։

— Արհամարհո՞ւմ եմ, ատո՞ւմ եմ․․․— բացականչեց ամուսինն այս անգամ ծիծաղելով, բայց մտքումը ցավելով կնոջ միամտության վրա։— Ի՞նչն է ստիպում ինձ նրան արհամարհելու, ատելու, սիրելիս, որ դու այդպես ես խոսում։

— Հապա ինչո՞ւ դու երբեք չես կամենում նրան այցելության գնալու․ նա ախար նեղանում է․․․ մինչև անգամ այդ ամոթ է, հավատացիր, ի՞նչ կմտածե նա քեզ վրա․․․

— Հոգիս, ի՞նչպես դու ինձ չես հասկանում, որ անհետաձգելի գործեր ունեմ․․․

— Եթե ինձ սիրում ես, Ստեփաննոս, այս մի անգամը թո՛ղ գործդ, և գնանք իշխանուհու մոտ։

— Դու դարձյալ քոնն ես պնդում, Նունե։ Ախար ի՞նչ օգուտ իմ այնտեղ գալուց․․․ իսկ գործերիցս ետ ընկնելով ես վնաս կկրեմ, մեծ վնաս...— ասաց այլաբանորեն ամուսինը մի առանձին զգացողությամբ նայելով կնոջ աչքերի մեջ, կարծես թե կամենալով հասկացնել, թե որքան վտանգավոր է նրա այդ թախանձանքը։

Կինն ստիպված էր լռել։ Դեպի իշխանուհին ունեցած ամուսնու արտասովոր վարմունքի մասին նա սկսեց կասկածել․ բայց թե ի՞նչ— այդ ինքն էլ չգիտեր։ Յուր այդ անորոշ կասկածանքին մի որոշ պատկեր տալու նա ոչ մի կերպ չկարողացավ։ Սակայն պարոն Հարունյանը չէր կարող միշտ խույս տալ իշխանուհուց, որքան էլ այդ կամենար։ Կնոջ և