Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/520

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երազի մեջ, որից ուզում եմ դուրս գալ— չեմ կարողանում... Մանեն և... եթե ինձ ասեին, թե գառը հանկարծ գայլ է դարձել, աղավնին՝ օձ, հրեշտակը՝ սատանա, եթե ինձ ասեին, թե երկինքը պիտի փուլ գա, աշխարհս պիտի կործանվի այս րոպեին,— կհավատայի։ Բայց այս բանին... բայց այն բանին, ինչ որ նա ասաց... այդ բանին չեմ ուզում հավատալ— չե՛մ ուզում, որովհետև հավատալու բան չէ և չի՛ կարող լինել... Մանեն և... Երկուսից մեկը. կամ ես մինչև այս հասակս միամիտ եմ եղել երեխայի պես և կամ թե մեր ժամանակումն իսկ կարող են այսպիսի հրաշքներ կատարվել։ Մի՞թե դուք ևս հրաշք չեք համարում այս բանը, հրաշք, ամենազարմանալի հրաշքն աշխարհիս երեսին։ Ահա մի ժամ է, երկու ժամ է, չգիտեմ որքան ժամանակ, կարծես թե աշխարհ գալուցս օրից ի վեր, մտածում եմ, մտածում եմ... ի՛նչ եմ մտածում— չգիտեմ։ Ինձ թվում է, թե ուղեղս ցնդում է... զգում եմ, թե մեջս հետզհետե զարթնում է մի բան, սոսկալի մի բան, որ կարծես թե բռնում է ինձ պինդ, երկաթի ճանկերով և ստիպում է անել մի բան, զարհուրելի, աներևակայելի մի բան, որի մասին մտածելիս քարանում է ուղեղս, արյունս սառում է երակներիս մեջ... Եվ ինձ թվում է երբեմն, թե արդեն կատարել եմ այդ բանը, և քիչ է մնում ճչամ խելագար զարհուրանքով... ես հասկանում եմ, թե ինչ է այս և զսպում եմ ինձ, կարեվեր ջանք եմ գործ դնում զսպելու ինձ. ես ուզում եմ փախչել ինքս ինձնից, իմ մտածմունքներից, որոնք մրջյունների պես ղժվժում են ուղեղիս մեջ, բայց... այս գիշերը, այս մութ գիշերը, այն ծղրիդը... Օ՜հ, ե՛րբ պիտի լուսանա վերջապես...

Սանթրոսյանին ուշքի բերեց մի ճթոց և ֆոսֆորային մի լույս, որ վառվեց և հանգավ Վահանի անկողնակալի վրա։

— Ի՞նչ եք անում,— հարցրեց նա։

— Ուզում եմ ծխել։