Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/521

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի ուրիշ լուցկի ճթաց և վառվեց։

Լուցկու կարճատև լույսի տակ Սանթրոսյանը տեսավ Վահանին ներքնաշորով անկողնակալի վրա նստած, մերկ ոտները կախ արած և հաստ սիգարն ատամների մեջ բռնած։

Լուցկին հանգավ, և այժմ սենյակի մթության մեջ լուսատտիկի պես առկայծում էր սիգարի կարմրավուն կրակը, վայրկենաբար լուսավորելով Վահանի մազազուրկ դեմքը։ Սանթրոսյանի քթին դիպավ իրեն անսովոր և անախորժ ծխախոտի ծանր հոտը։ Հեռու-մոտիկ հարևանի բակից լսվեց աքաղաղի քնաթաթախ մի կանչ, որն այնուհետև մոտ հինգ րոպե կրկնվում էր ընդմիջումներով, սկզբում խռպոտ, հետո հետզհետե զլվելով։

— Կկանչի, կկանչի և նորից կքնի հանգիստ,— ասաց Սանթրոսյանը։— Իսկ ես...

Նա լռեց և խոնարհվեց ծնկների վրա։

Պատի ժամացույցի լեզվակը, հարատև շարժուն, հնչեցնում էր մութ սենյակի լռության մեջ իր չափաբերական զարկերը խորհրդավոր անտարբերոլթյամբ։

— Զարմանալի բան,— խոսեց Սանթրոսյանը երկար լռությունից հետո.— մարդ սկսում է խորը մտածել և խորը զգալ ա՛յն ժամանակ միայն, երբ հանկարծ դժբախտության մեջ է ընկնում։ Ասում են, թե ուսումը, կրթությունը մարդուս կամքի ուժ և իրավունքի գիտակցություն են ներշնչում. բայց այս գիշերվա դեպքն ինձ բոլորովին հակառակն է համոզում։ Ես տգետ մարդ չեմ, նույնիսկ մի ժամանակ պատրաստվում էի գիտական ասպարեզի համար, բայց և հազիվ թե որևէ մարդ այնպես թույլ և իրավազուրկ զգա իրեն, որքան ես եմ զգում ինձ այժմ։ Ժողովրդի հասարակ մարդը, մի գռեհիկ գյուղացի, մի տգետ արհեստավոր, մի բիրտ բանվոր, եթե իմ տեղս լիներ այս րոպեին, կգիտենար, թե ինչ պիտի անի, և կաներ առանց տատանվելու, առանց երկմտելու, կաներ իսկույն, անձնատուր իր ամբողջ էությունը լափող անմիջական