Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/524

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— ա՞յն գիտակցությունն արդյոք, որ նա այլևս իմս չէ, թե՞ այն կասկածը, որ նա իմս չէ եղել երբե՛ք, հենց սկզբից․․․ Բայց մի ուրիշ բան կա, թե մի գուցե ես եմ պատճառը։ Ապահով իմ ընտանեկան երջանկության վրա, վերին աստիճանի եսասեր և անհեռատես. կնոջս վրա նայելով իբրև մի առարկայի վրա, որով մարդիկ զվարճանում են հոգնատանջ աշխատանքից հետո, ես ընկել եմ մամոնայի հետևից, ամբողջ ամիսներ բացակայել եմ տնից, և մեկ տարի չէ, երկու տարի չէ... իսկ նա— դեռատի կին տաք արյունով, եռուն զգացումներով, գգվանքների կարոտ... մենակ... մոռացած կամ գրեթե մոռացված... Հետո, իմ այս հասակը... Չէ՞ որ ես մեծ եմ նրանից, կրկնակի մեծ... իսկ նա... այն պարոնը...

Սանթրոսյանը հանկարծ ոտի կանգնեց, և Վահանը տեսավ նրա մութ ուրվագիծը պատուհանի կիսախավարի ֆոնի վրա ձեռքերը տարօրինակորեն շարժելիս։

— Ո՛չ, ո՛չ, զզվելի, քստմնելի, զարհուրելի միտք է այս,— շշնջաց Սանթրոսյանն ատամները պինդ սեղմած իրար։— Այս ե՛ս չեմ մտածում այսպես. սա նախանձի դևն է, որ մտել է գանգս և շամփրում է ուղեղս։ Չեմ հավատում, չեմ ուզում հավատալ, չպետք է հավատամ դևի ներշնչումներին, այլապես իմ ֆլեգմատիկ բնավորությունն անգամ ընդունակ է կրակ դառնալու և լափելու մեկին էլ, մյուսին էլ և ինձ էլ նրանց հետ միասին...

Նա մի րոպե լռեց, ինչ-որ տարօրինակ հևոցներ արձակելով, կարծես խեղդվելով օդի պակասությունից, հետո արագորեն առաջացավ դեպի այն կողմը, որտեղ երևում էր սիգարի կրակը, և կանգ առավ կիսաճանապարհին։

— Խոսեցե՛ք, խոսեցե՛ք, ի սեր աստծո,— գրեթե ճչաց նա, բայց հանկարծ, կարծես ինքն իր ձայնից վախենալով, ձայնը խեղդեց կոկորդի մեջ։— Խոսեցեք, մի բան ասացեք,