Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/525

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանգստացրեք ինձ։ Մի՛ լռեք, մի՛ խղճաք ինձ։ Ասացեք ամեն բան, ինչ որ ճշմարիտ է։ Փարատեցեք կասկածներս, միմիայն կասկածներս, և երդվում եմ, որ ես ձեր քրոջ մի մազին անգամ չեմ դիպչիլ...

Վահանը ձեռքով շոշափեց, գտավ կողքին աթոռի վրա դրած հագուստը, ձեռաց հագնվեց, վառեց ճաշասեղանի վրա առաստաղից կախված լամպը, սիգարը պատուհանից շպրտեց փողոց և գնաց կանգնեց ուղղակի Սանթրոսյանի առաջ։

Սանթրոսյանը կանգնած էր սաստիկ գունատ, հոգեկան սուր տանջանքից ծամածռված դեմքով։

— Լսեցեք, փեսա,— ասաց Վահանը շատ լրջորեն։— Եթե դուք կարծում եք, թե ես լռում եմ նրա համար, որ ոչինչ չունիմ ասելու կամ, այլ խոսքերով, հանցավոր եմ համարում քրոջս և չեմ ուզում ճշմարտությունն ասել ձեզ, որպեսզի դուք ձեռք չբարձրացնեք քրոջս վրա, շատ սխալվում եք: Ես լռում եմ նրա համար միայն, որ միջամտությունովս ցավին դարման չեմ անիլ: Եվ, վերջապես, չէ՞ որ դուք ինքներդ ասացիք, թե մի անգամ որ նրա սիրտը ձերը չէ, ուրեմն ավելորդ է այս մասին խոսել։ Այստեղ էլ պետք է վերջակետ դնեիք և մտածեիք միայն այն մասին, թե այսուհետև ինչ պիտի անեք։ Բայց դուք դեռևս ուզում եք իմանալ ինչ-որ ճշմարտություն։ Ես հասկանում եմ ձեր հոգեբանությունը։ Որքան էլ դուք սառն դատողությամբ խնդիրը պարզ և վերջացած եք համարում հենց միայն այն իրողությամբ, որ ձեր կնոջ սիրտը, ուրեմն և ինքը ձեզ չի պատկանում, այլ պատկանում է նրան, որին սիրում է, այնուամենայնիվ ձեր մեջ նստած կենդանաբանական արուն իր բողոքի ձայնն է բարձրացնում ձեր սառն դատողության դեմ և իր հրամայական պահանջներն է դնում ձեր առաջ ձեր էգի վերաբերմամբ, որին տիրելու բոլոր իրավունքները միմիայն ձեզ են տվել պետական և եկեղեցական