օրենքները, ավանդական սովորություններն ու հասարակաց կարծիքը։ Այդպե՞ս է, թե ոչ։
— Այդպե՞ս է արդյոք,— շշնջաց Սանթրոսյանը տարակուսանքով։
— Այդպե՛ս է, այդպե՛ս։ Երբ որ փոքր-ինչ հանգստանաք և լավ մտածեք, կտեսնեք, որ ես ճշմարիտ եմ ասում։ Այլապես ի՞նչն է դրդում ձեզ այդպես հուզվելու։ Ինչո՞ւ ես, որ նրա եղբայրն եմ միայն, ձեր չափ չեմ հուզվում, կամ մի օտար մարդ, որի համար ողջ մեկ կլինի՝ ձեր կինը ձե՞զ է սիրում, թե մի ուրիշի։ Ինչ վերաբերում է ձեր ցանկացած ճշմարտությանը, ես կարող եմ հավատացնել ձեզ, որ քույրս հավատարիմ է մնացել իր ամուսնական ուխտին և չարաչար կռիվ է մղել ինքն իր դեմ և նրա դեմ, որ մեռնում է այնտեղ, եթե արդեն չի մեռել... Հավատո՞ւմ եք։
— Ուզում եմ հավատալ... Ա՜խ, որ իմանաք ինչպե՜ս ուզում եմ հավատալ,— հառաչեց Սանթրոսյանը։— Կյանքիս կեսը կտայի, եթե այդ ճիշտ լիներ...
— Ես գիտեի, ախր, որ չեք հավատալ, դրա համար չէի ուզում խոսել,— նկատեց Վահանը սառնությամբ և ուզում էր հեռանալ, բայց Սանթրոսյանը հանկարծ բռնեց նրա ձեռքից:
— Սպասեցեք։ Մի նեղանաք։ Խնդրում եմ, պարոն Վահան, մի նեղանաք, եթե ես դժվարանում եմ ձեզ հավատալ, որովհետև չէ՞ որ դուք նրա եղբայրն եք... չէ՞ որ այսպիսի բաներում առհասարակ ճշմարտությունը չեն ասում... և, վերջապես, չէ՞ որ դուք ինքներդ կարող եք ոչինչ չիմանալ...
— Դե որ այդպես է, էլ ի՞նչ ճշմարտություն եք ուզում ինձնից։ Այդպիսի դեպքում ավելի լավ չէ՞, ինձ դիմելու փոխարեն, դիմեիք ուղղակի Մանեին և փարատեք ձեր կասկածները։ Եթե նա այնքան ազնիվ գտնվեց, որ չծածկեց ձեզնից ճշմարտության մի մասը, ես կարծում եմ՝ չի ծածկիլ և