մյուս մասը, որ ձեզ այդքան մտատանջում է։ Ուզում եք, հենց այս րոպեին գնացեք նրա մոտ։
— Նրա մո՞տ... այս րոպեի՞ն... ի՞նչ եք ասում,— շշնջաց Սանթրոսյանը և մեքենայաբար ետուետ գնաց։
— Ի՞նչ կա որ,— զարմացավ Վահանը։— Ավելի լավ չէ՞ ամեն բան վերջացնեք իսկույն։
— Հետո՞։
— Հետո ի՞նչ, դուք էլ, նա էլ միանգամից կհանգստանաք։ Եթե չհանգստանաք էլ, գոնե կիմանաք ձեր անելիքը։ Թե չէ, ինչի՞ նման է, որ դուք այս կեսգիշերին, քունը կտրած, թափառում եք սենյակներում, տանջում եք ձեզ կասկածներով և չեք իմանում, թե ինչ կբերի ձեզ վաղվան օրը։ Երբ որ փտած ատամը ցավում է, պետք է հանել դեն շպրտել իսկույն, թե չէ պահել և այսօր վաղը գցել— կնշանակի ավելորդ տեղը տանջվել։ Գնացեք, գնացեք խոսեցեք իսկույն, ես ձեզ խորհուրդ եմ տալիս։
— Ոչ, ոչ... Ես, ճիշտ է, անհանգիստ եմ, քնել չկարողացա... և ձեզ էլ անհանգստացրի, որի համար ներողություն եմ խնդրում, բայց... ի՞նչ հարկ կա շտապելու... գիշերը խո հավիտյան չի տևելու... կլուսանա, չէ՞...
Վահանը կանգնած էր Սանթրոսյանի առաջ, նայում էր նրա շփոթված աչքերին և մնացել էր զարմացած, թե մի՞թե դա այն մարդն էր, որ մի րոպե առաջ սպառնում էր կրակ դառնալ և լափել իր դժբախտության պատճառ եղողներին և իրեն էլ նրանց հետ միասին։
— Դուք խոսում եք այնպես, որ կարծես թե... վախենում եք։ Հա՞, վախենո՞ւմ եք,— հարցրեց նա։
Սանթրոսյանն իր հերթին նայեց նրան զարմացած։
— Վախենո՞ւմ։ Ինչի՞ց։ Ի՞նչ բանի համար։
— Հապա ինչո՞վ բացատրեմ ձեր այդ վարանումը։
— Ինչպե՞ս ասեմ, որ ինձ հասկանաք,— ասաց Սանթրոսյանն արագորեն տիրապետելով իրեն։— Ձեզ ասացի, թե