ինչ հայացքով եմ նայում այս խնդրի վրա։ Ես չեմ կարող և բարոյական ոչ մի իրավունք չունիմ դատավորի դեր ստանձնելու, հարցուփորձ անելու, ստիպելու, սպառնալու։ Դա դեմ է իմ խղճին, իմ համոզմունքին, իմ հասկացողությանը։ Հենց միայն այն գիտակցությունը, որ տեսակցությունն ինձ հետ վերին աստիճանի ծանր պետք է լինի նրա համար, այս գիտակցությունն արդեն բավական է, որ ես միանգամայն խուսափեմ նրա հետ երես առ երես հանդիպելուց։ Ես չեմ կարող տեսնել, թե ինչպես նա ճնշվում է իմ ներկայությունից, տանջվում է, չի ուզում պատասխանել և, այնուամենայնիվ, ստիպված է պատասխանել։
— Բայց չէ՞ որ դուք կոպիտ միջոցների չեք դիմելու։ Չեք դիմելու, չէ՞։
— Այդ ավելի վատ։
— Ուրեմն ի՞նչ պիտի անեք, ձեր կարծիքով։ Հիմա չեք ուզում նրա հետ երես առ երես հանդիպել, որպեսզի ձեր ներկայությամբ ճնշում չպատճառեք նրան, վաղն էլ, երևի, չեք ուզիլ, մյուս օրն էլ, երևի... բայց մինչև ե՞րբ։ Չէ՞ որ մի օր, ուզեք-չուզեք, պետք է վերջ տաք այդ անորոշ դրությանը։ Եվ, վերջապես, ես չեմ հասկանում, թե ինչպե՞ս պիտի անեք, որ, մարդ ու կին երես առ երես չհանդիպեք իրար երբեք։ Հնարավոր բա՞ն է այդ։
— Դուք ճշմարիտ եք ասում,— ասաց Սանթրոսյանը Վահանի խելացի նկատողություններից ընկճված։— Իհարկե, այս բանը, այսպես թե այնպես, պետք է վերջացնել մի օր, բայց... Դուք ասացեք, ի՞նչ անեմ և ինչպե՞ս անեմ, քանի որ...
Նա չվերջացրեց և, նորից շփոթված հայացքը, լի հոգեկան տանջանքի արտահայտությամբ, ման ածելով չորս կողմը, ձեռքերի մատները շփեց իրար այնքան ամուր, որ լսվեց խաղերի ճրթճրթոցը։